Մատչելիության հղումներ

Օֆշորային ընկերության փաստաթղթերում «չկա վարչապետի ստորագրությունը»


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Կիպրոսյան իրավաբանական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օֆշորում գրանցված ընկերության փաստաթղթերում բացակայում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, չկա նաև նրա անունից տրված որևէ լիազորագիր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը:

Հիշեցնենք, «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի` գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը), վարչապետը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հերքելով, թե որևէ առնչություն ունի այդ ընկերության հետ:

Աղմկահարույց այս հրապարակումից հետո Տիգրան Սարգսյանը նաև դիմել էր կիպրոսյան մի իրավաբանական ընկերության, որպեսզի այն պարզի, թե ինչպես է իր անունը հայտնվել օֆշորային գոտում գրանցված ընկերության բաժնետերերի ցանկում:

Ինչպես փոխանցեց վարչապետի խոսնակը, կիպրոսյան իրավաբանական ընկերությունը հարցում է արել Կիպրոսի ձեռնարկությունների գրանցման պետական ռեգիստրին և պարզել, որ վարչապետի անունը իսկապես կա բաժնետերերի ցանկում, սակայն որևէ փաստաթղթի տակ չկա Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, ինչպես նաև գոյություն չունի որևէ լիազորագիր, որը կարող է փաստել, որ նա տվյալ կազմակերպության բաժնետեր է դարձել իր գիտությամբ:

Կիպրոսյան ընկերությունից երկու օր առաջ ստացված այս տեղեկատվությունը վարչապետը երեկ փոխանցել է գլխավոր դատախազությանը, որտեղից էլ այն ուղարկվել է ոստիկանություն:

Վարչապետի փոխանցած այս տեղեկությունները կկցվեն դեռևս մեկ տարի առաջ գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի նյութերին:

Հիշեցնենք, Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված գործը վերաբերում է Աշոտ Սուքիասյանի կողմից Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու խնդրին և որևէ կապ չունի վարչապետի՝ ավելի վաղ ներկայացրած դիմումի հետ, որով վերջինս ցանկանում է իմանալ, թե ինչպես է իր անունը հայտնվել այդ ամենի մեջ ներգրավված օֆշորային կազմակերպության բաժնետերերի ցանկում:

Հարցին, թե ինչպե՞ս կարող էր վարչապետի անունը առանց նրա ստորագրության և լիազորագրի հայտնվել օֆշորային բաժնետերերի ցանկում, Տիգրան Սարգսյանի խոսնակն պատասխանեց՝ քանի որ գործը քննում է ոստիկանությունը, հետևաբար բոլոր մանրամասներին պետք է պատասխանի այդ կառույցը:

Ոստիկանությունից նույնպես հրաժարվեցին պատասխանել այդ հարցին՝ փոխանցելով սոսկ, որ նախաքննությունը շարունակվում է:
XS
SM
MD
LG