Մատչելիության հղումներ

Օֆշորային գործով միջնորդությունն առձեռն փոխանցվել է Կիպրոսի գլխավոր դատախազին


Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդիս
Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդիս
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, «օֆշորային գործով» Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունն այսօր Աղվան Հովսեփյանն առձեռն փոխանցել է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին՝ խնդրելով, որ վերջինս հանձնարարի Կիպրոսի համապատասխան մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետում կատարել միջնորդության պահանջները եւ արդյունքների մասին հայտնել Հայաստանի գլխավոր դատախազությանը:

Հիշեցնենք, «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի` գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաեւ Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը), վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով, թե որևէ առնչություն ունի այդ ընկերության հետ:

«Նախաքննական մարմինը արդեն երկու անգամ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Կիպրոս, և հաշվի առնելով, որ Կիպրոսի գլխավոր դատախազը այս օրերին գտնվում է Հայաստանում, և ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր, [Հայաստանի] գլխավոր դատախազը նաև առձեռն է փոխանցել այդ միջնորդությունը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում օգնել, նպաստել բարձրացված հարցադրումների պատասխանները ստանալու համար», - այսօր ասաց Գլխավոր դատախազության խոսնակը:

Տռուզյանի խոսքով, գրավոր վերջին՝ երկրորդ, միջնորդությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է 2013 թվականի հունիսի 19-ին: Մինչեւ այդ՝ 2012 թվականի սեպտեմբերին Կիպրոսի համապատասխան մարմինների միջնորդություն էր ուղարկել ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը:

Անհասկանալի է, թե ինչու մինչեւ այժմ Կիպրոսի իրավապահ մարմինները որեւէ պատասխան չեն տվել հայկական կողմին:

Կիպրոսի գլխավոր դատախազը, հիշեցնենք, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ առաջին անգամ է լսում այդ միջնորդության մասին եւ դեռ պետք է ուսումնասիրի այն: Միաժամանակ նա անհնար է համարում, թե կարելի է որեւէ մեկին դարձնել օֆշորային կազմակերպության բաժնետեր՝ առանց տվյալ անձի թույլտվության:

Ինչեւէ, դատախազության խոսնակը փոխանցեց, որ այսօր «համատեղ քննարկումների ընթացքում այդ հարցը բարձրացվել է գլխավոր դատախազի կողմից, և փաթեթը տրամադրվել է Կիպրոսի գլխավոր դատախազին, եւ հուսով ենք, որ առաջիկայում պատասխանները կուղարկվեն»:

Տռուզյանը չմանրամասնեց միջնորդության բովանդակությունը՝ընդամենը նշելով․ - «12 էջից բաղկացած իրավական օգնության միջնորդություն է, եւ պատասխանները ստանալուն պես այդ մասին տեղեկատվություն կտրամադրվի լրատվամիջոցներին»:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր Գլխավոր դատախազությանը, թե ինքը Կիպրոսում կամ որեւէ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել եւ որեւէ մեկին չի լիազորել իր անունից կազմակերպություն գրանցել: Վարչապետը խնդրել էր նաեւ քննության առնել «Հետք» պարբերականի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը:

Դատախազությունը քրեական գործ չէր հարուցել, վարչապետի դիմումը ուղարկել էր Ոստիկանություն, որտեղ նույնպես քրեական գործ չի հարուցել․ վարչապետի դիմումը սկսել է ուսումնասիրել դեռեւս մեկ տարի առաջ գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:

Նկատենք, սակայն, որ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված գործը վերաբերում է Աշոտ Սուքիասյանի կողմից Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու խնդրին եւ որեւէ կապ չունի վարչապետի դիմումի հետ․ վերջինս ցանկանում է իմանալ, թե ինչպես է իր անունը հայտնվել այդ ամենի մեջ ներգրավված օֆշորային կազմակեպության բաժնետերերի ցանկում:

Հարցին, թե ինչու վարչապետի դիմումի հիման վրա դատախազությունում քրեական գործ չի հարուցվել, Սոնա Տռուզյանը պատասխանեց․ - «Վարչապետը իր գրությամբ դատախազություն է ուղարկել «Հետք» էլեկտրոնային թերթի լուսապատճենը՝ խնդրելով ուսումնասիրության առարկա դարձնել հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները: Հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, մասնավորապես, վերաբերվում էին Փայլակ Հայրապետյանից խարդախությամբ գումար հափշտակելու մի վարկածի, եւ այս վարկածը պետք է քննության առարկա դառնալ այն քրեական գործի շրջանակներում, որի մասին ես արդեն հիշատակեցի: Տվյալ պարագայում պահպանվել է քրեական դատավարության նորմը, պահանջը, սկզբունքը, ոգին: Եվ քննությունը տարվում է ոստիկանությունում»:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին, որ վարչապետի դիմումի վերաբերյալ որևէ նորություն չունեն:
XS
SM
MD
LG