Մատչելիության հղումներ

«Քաղաքապետարանը չի կատարել հաշմանդամություն ունեցողներին տրված խոստումը»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգում է, որ սայլակով տեղաշարժվող շուրջ 4000 հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային տրանսպորտը, շենքերն ու շինությունները, նույնիսկ փողոցները շարունակում են մնալ անմատչելի:

Այսօր տարածված հայտարարությունում, պաշտպանի գրասենյակը հիշեցնում է, որ դեռևս 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները խոստացել են, որ կզբաղվեն այդ հարցով և Չինաստանից Հայաստան ներկրվելիք 66 ավտոբուսները մատչելի կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Ակցիայից անցել է 2 տարի, իսկ Հայաստան ներկրված ավտոբուսները դեռ չեն հարմարեցվել նրանց համար: Քաղաքացիների բոլոր դիմումներն այս հարցի վերաբերյալ մերժվել են` պատճառաբանությամբ, որ դրանք գտնվում են երաշխիքային սպասարկման ժամկետում, և չինական կողմը թույլ չի տալիս դրանց վրա համապատասխան աշխատանքներ կատարել: Չինաստանի կողմից Հայաստանին քաղաքային ավտոբուսների նվիրատվության ծրագրի իրականացման պայմանագրի ուսումնասիրությունից, սակայն, պարզվում է, որ ավտոբուսների երաշխիքային ժամկետը սպառվել է, իսկ պայմանագիրն այլևս ուժի մեջ չէ: Հետևաբար, հայկական կողմն այժմ կարող է առանց խոչընդոտների կատարել հարմարեցման աշխատանքները»,- ասված է հայտարարությունում:

«Փոխարենը, պաշտոնական գրություններից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը բանակցում է Չինաստանի կառավարության հետ՝ ներկրված ավտոբուսների վրա վերելակներ տեղադրելու համար թույլտվություն ստանալու նպատակով և չի կարող հստակ ժամկետներ հայտնել, թե երբ են կատարվելու ավտոբուսների հարմարեցման աշխատանքները», - փոխանցում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG