Մատչելիության հղումներ

Ռուստամ Իբրահիմբեկով. «Ղարաբաղի հայերին չի կարելի թշնամի անվանել»


«Վերադարձնելով հողերը` մենք վերադարձնում են նաև բնակիչներին: Ղարաբաղը դա նաև բնակիչներն են», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում օրերս նման կարծիք է հայտնել նախագահական ընտրություններում ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու հռչակված Ռուստամ Իբրահիմբեկովը:

«Եթե մենք համարում ենք, որ դրանք մեր անօրինականորեն օկուպացված տարածքներն են, ապա պետք է նաև ընդունել, որ Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են: Իսկ եթե նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են, ապա չի կարելի նրանց թշնամի անվանել ու սպառնալ, թե ոչնչացնելու ենք: Հակառակը, նրանց պետք է ասել, որ դուք նույնպիսի քաղաքացիներ եք, ինչպիսին ադրբեջանցիներն են: Դուք պաշտպանված կլիենք, իրավահավասարություն կլինի», - նշում է Իբրահիմբեկովը, կանխատեսելով, որ հայերը դրան ի պատասխան արդարացիորեն մատնացույց են անելու Ադրբեջանում առկա թերությունները` կոռուպցիայի ահռելի մակարդակն ու քաղաքացիական ազատությունների ոտնահարված վիճակը:

«Եթե Ադրբեջանում իրավիճակի առողջացում լինի, ապա համոզված եմ` գոնե կիսով չափ հայկական կողմի հետ առկա հարցերը կլուծվեն: Հարկավոր է շտկել երկրի ներքին վիճակն, այլ ոչ թե անընդհատ զենք թափահարել: Ես ընդհանրապես նման պահվածքի կողմնակիցը չեմ: Ի վերջո, եթե հարվածելու ես` հարվածիր, այլ ոչ թե տասնամյակներ շարունակ խոսիր, թե ինչ կարող ես անել: Դրա արդյունքում միայն ժողովուրդների հարաբերություններն են վատթարանում», - նշում է Իբրահիմբեկովը:

Ընտրություններից երկու ամիս առաջ ադրբեջանական ընդդիմությւնը անում է հնարավորը՝ նախևառաջ արտաքին աջակցությունը կոնսոլիդացնելու համար:

Իբրահիմբեկովը երեկ ժամանել է Բրյուսել, իսկ ադրբեջանցի առաջատար ընդդիմադիրներց ևս մեկը` Հեյդար Ալիևի նախկին խորհրդական Էլդար Նամազովը, այս օրերին Վաշինգտոնում է:

Խոսելով արտաքին աջակցության հնարավորությունների մասին՝ Իբրահիմբեկովը նկատում է, որ Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում տիրող տրամադրություններն իրարից քիչ են տարբերվում:

«Կատարյալ համաչափություն կա ամերիկացիների և ռուսների պահվածքում: Նրանք ասում են` Ադրբեջանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Դա ինձ ասացին թե՛ Ամերիկայում, թե՛ Ռուսաստանում: Ամերիկայում, սակայն անթաքույց ասում են, որ Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն իրենց մտահոգում են և կցանկանային իրավիճակի բարելավում տեսնել: Դրա հետ մեկտեղ` Վաշինգտոնում հատուկ ընդգծում են․ - «Այդ մեր ցանկությունները չեն նշանակում, թե մենք առաջիկա ընտրություններում պաշտպանելու ենք ձեզ կամ Իլհամ Ալիևին, մենք պարզապես անելու ենք ամեն ինչ, որպեսզի նորմալ ընտրություններ լինեն: Ռուսաստանում իհարկե այդքան հեռուն չեն գնում: Մոսկվայում կարծես ավելի հավատարիմ են գործընկերային հարաբերություններին, թեև այնտեղ էլ շատ լավ գիտեն, թե Ադրբեջանում ինչ է կատարվում», - ասում է ադրբեջանցի ընդդիմադիր թեկնածուն:

Ռուստամ Իբրահիմբեկովը նաև նշում է, որ առաջիկա շաբաթներին պատրաստվում է վերադառնալ Բաքու: Նա, սակայն, չգիտի, թե իրեն հայրենիք վերադառնալուն պես ինչ անակնկալներ են սպասում:

«Որևէ արգելք չկա: Ես շատ հանգիստ կարող եմ մուտք գործել Ադրբեջանի տարածք և ինձ նույնքան հանգիստ կարող են նստեցնել: Վերջին անգամ, երբ ես մեկնեցի Ադրբեջան, ինձ երկու ժամ պահեցին օդանավակայանում: Ասացին, թե դա պատիժ է հրապարակային մի արտահայտության համար: Ես ասել էի՝ «եթե նախագահն ինձ հետ հաշվի չի նստում, ես էլ նրա հետ հաշվի չեմ նստի»: Մամուլում արդեն իսկ տեղեկություններ են հայտնվել, որ ինձ կարող են ձերբակալել, բայց ամեն դեպքում, ես հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին կմեկնեմ Բաքու: Օգոստոսի երկուսին նշվում է ադրբեջանական կինոյի ստեղծման տարեդարձը և ես կցանկանայի Բաքվում լինել», - ասում է Ռուստամ Իբրահիմբեկովը:
XS
SM
MD
LG