Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:

Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ քննարկման է ներկայացվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչև Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրներ և հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իր հետ նման հանդիպումների, խորհրդակցությունների ժամանակ հանրությանը հետաքրքրող հարցերի բարձրացումը ամենևին չի նշանակում, որ Հանրային խորհուրդն ավարտել է իր գործը և ներկայացված հարցն արդեն Նախագահի խնդիրն է. «Եթե հարցը վերաբերեր մեր արտաքին քաղաքականությանը կամ մեր ազգային անվտանգությանը, ապա ես կարող էի այդպես կարծել, բայց մնացած բոլոր դեպքերում ենթադրվում է, որ դուք շարունակելու եք նույն եռանդով այս հարցերն առաջ մղել և ջանքեր գործադրել, որպեսզի պետական կառույցների հետ միասին, իրոք, գտնեք մեր պետության և հասարակության համար ընդունելի լուծումներ», - հանդիպման սկզբում Հանրային խորհրդի անդամներին ասել է Նախագահը:

Մինչեւ օրակարգային հարցերին անդրադառնալը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է արդեն չորս տարի գործունեություն ծավալող խորհրդի անցած ճանապարհին, ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև ապագայի վերաբերյալ պատկերացումներին:

«Աշնանն ավարտելով մեր աշխատանքը՝ մենք հասարակությանը և Նախագահին կներկայացնենք չորս տարվա մեր ամբողջ գործունեության արդյունքները և հուսով եմ, արդեն աշնանը կունենանք օրենք Հանրային խորհրդի մասին, համենայնդեպս, նախագիծն աշնան սկզբին կներկայացվի Ազգային ժողով», - ասել է Հանրային խորհրդի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG