Մատչելիության հղումներ

Նոր զարգացումներ «օֆշորային» գործում


Նոր` ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել այսպես կոչված «օֆշորային» սկանդալային գործում: Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը հանդես է եկել հայտարարությամբ, թե ինքն է կիպրոսյան հայտնի օֆշորային ընկերության ստեղծողը եւ դա արել է առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գիտության:

Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Ոստիկանությունը հունիսի 17-ին մեղադրանք է ներկայացրել Աշոտ Սուքիասյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել: Սուքիասյանը մեղադրվում է գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ:

Ուշագրավ է, որ այդ մեղադրանքը ներկայացվեց քրեական գործը հարուցելուց ամիսներ անց միայն, եւ այն էլ` «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, ըստ որի` Սուքիասյանը Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաեւ Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդը:

Եվ ահա, երեկ ուշ երեկոյան «Հետք»-ը տեղեկացրեց, թե էլեկտրոնային փոստով նամակ է ստացել Աշոտ Սուքիասյանից, ով նշում է, որ այդ ընկերությունը ինքը ստեղծել է առանց Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գիտության:

Նամակի մի օրինակն էլ Սուքիասյանը ուղարկել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG