Մատչելիության հղումներ

Փակ շուկայում շատ դանդաղ են ընթանում ապամոնտաժման աշխատանքները


Armenia - Destruction of the roof of the closed market, where?, 02Mar2012
Armenia - Destruction of the roof of the closed market, where?, 02Mar2012
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության բաժնի պետ Արմեն Գրիգորյան վերահաստատեց, որ հունիսի 7-ին քաղաքապետարանը պահանջել էր, որպեսզի Փակ շուկայում սկսվեն ապամոնտաժման աշխատանքներ:

Քաղաքապետարանի այս պահանջի մասին, հիշեցնենք, առաջին անգամ խոսվել է Տարոն Մարգարյանի երդմնակալության օրը:

«Մի մասը արդեն ապամոնտաժվել է, սյուների մի մասն էլ ներկայումս է ապամոնտաժվում», - ասաց Արմեն Գրիգորյանը:

Քննարկմանը ներկա ճարտարապետները եւ ակտիվիստները, մինչդեռ, փաստում էին, որ այնտեղ 20 օրվա ընթացքում ընդամենը երկու սյուն է քանդվել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ներկայացվել է արդյոք ապամոնտաժման աշխատաքների վերջնաժամկետ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ ժամկետներ չկան:

Ճարտարպետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այլեւս չի հավատում, որ շուկան կբերվի հին տեսքի: Նա շուկայի ներսում վերջերս կատարված լուսանկարներ ցույց տվեց, որտեղ տեսանելի է, որ շուկայի կեսից ավելին ներսից բաժանվել է հարկերի: Ճարտարպետն ասաց, որ շուկան հուշարձան էր համարվում իր ներքին տեսքի համար, որը ամբողջովին արդեն աղավաղվել է:

Մկրտիչ Մինասյանը ասաց նաեւ, որ Ճարտարապետիների միությանը բոլոր պետական գերատեսչություններից հավաստիացրել են, որ շուկան հին տեսքի է բերվելու, բայց իրականությունն բան է փաստում:

«Մենք կորցնում ենք մշակույթի գոհար», - ասաց ճարտարապետը:

«Ես հազիվ եմ զսպում մեր բոլորի ցանկությունը, որ մենք բոլորս գնանք, նստենք շուկայի պատերի տակ երկարատեւ ցույցի, որովհետեւ ուրիշ հնարավորություն չկա», - ասաց Մինասյանը:

Քաղաքացիական ակտիվիստ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասաց, որ իրենք էլ երկարատեւ պայքար են պատրաստվում սկսել շուկայի համար այնպես, ինչպես պայքարեցին Մաշտոցի պուրակի համար:

Քաղաքապետարանի մեկ այլ ներկայացուցիչ` Սուրեն Մելիք- Քարամյանը հարցին, թե ինչու ներսում ստուգումներ չեն անցկացնում, պատասխանեց, որ իրենք չեն կարող ներս մտնել, որովհետեւ շուկան մասնավոր սեփականություն է:

«Իմ կյանքը եւ իմ ընտանիքը ինձ համար ավելի թանկ է», - ասաց Մելիք- Քարամյանը:

Իսկ Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր մասնգետ Գագիկ Սարգսյանը ասաց, որ իրենց նախարարությունը ներսում ստուգումներ չի իրականացնում, որովհետեւ վերգետնյա շինարարությունը ընդհանրապես չունի թույլտվություն եւ նախագիծ, իրենք կարող էին ներս մտնել եւ ստուգել, թե կատավող շինարարությոնը համապատասխանում է նախագծին թե ոչ, բայց քանի որ չկա նախագիծ, չեն կատարվում նաեւ ստուգումներ:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երբեւէ չի հերքել, որ Փակ շուկայի փաստացի սեփականատերն ինքն է: Շինությունը գտնվում Երեւանի պատմության եւ մշակությաին հուշաձանների ցանկում, այսինքն` ենթակա չէ քանդման կամ ձեւափոխման:

Շուկայում անցյալ տարվա հունվարից սկսված շինարարությունը կատարվել է առանց թույլտվության, ինչի համար կառուցապատողը երկու անգամ ենթարկվել է վարչական պատասխանտվության: Քրեական գործ չի հարուցվել, թեեւ ՀՀ դատախազություն երկու անգամ դիմումներ ներկայացվել են:
XS
SM
MD
LG