Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն մերժեց Հայաստանի նախագահությունը կասեցնելու առաջարկը


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, արխիվ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, արխիվ

Երեք տասնյակ ադրբեջանամետ պատգամավորների ներկայացրած նախագիծը, հայաստանյան պատվիրակության ղեկավարի հավաստմամբ, որեւէ հետագա ընթացք չի ունենալու:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մերժել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը կասեցնելու առաջարկը:

Համապատասխան փաստաթուղթը ներկայացրել էին Վեհաժողովի 31 պատվիրակներ:

Հայաստանը, հիշեցնենք, Նախարարների կոմիտեն նախագահում է մայիսի 16-ից ` վեցամսյա ժամկետով, նոյեմբերին այդ լիազորությունները կփոխանցվեն Ավստրիային, այնուհետեւ՝ հաջորդ տարվա մայիսից, Ադրբեջանին:

Ինչպես Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Հայաստանի նախագահությունը կասեցնելու փաստաթղթին միացել էին ադրբեջանամետ պատգամավորներ:

«Նախաձեռնել էր Մայքլ Հանքոքը՝ Միացյալ Թագավորության պատվիրակը, որը հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով, եւ նրան միացել էին մի շարք այլ ադրբեջանամետ պատգամավորներ: Նախագիծը ենթադրում էր, որ այն պետք է ուղարկվի զեկույցի նախապատրաստման համար, եւ որպեսզի Վեհաժողովին համապատասխան առաջարկություններ ներկայացվեն: Բյուրոն համարեց, որ նախագիծն արժանի չէ որեւէ հետագա ընթացք տալուն, եւ քանի որ նախագծի հեղինակը առարկեց Վեհաժողովի նիստի ժամանակ, հարցը դրվեց քվեարկության Վեհաժողովի նիստին, եւ Վեհաժողովը եւս մերժեց այդ նախագիծը, այսինքն` այն որեւէ հետագա ընթացք չի ունենալու», - ասաց Դավիթ Հարությունյանը:

«Հայաստանի նախագահությունը նախարարների կոմիտեում» խորագրով նախագծում, որին միացել էին Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Բուլղարիայի Ֆինլանդիայի, Իռլանդիայի եւ Միացյալ թագավորության երեք տասնյակ պատվիրակները, Հայաստանը բնորոշվում է որպես «ագրեսոր» պետություն, ինչը հակասում է Խորհրդարանական վեհաժողովի հիմնարար սկզբունքներին:

Հայաստանյան պատվիրակության անդամ , Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովի լիագումար նիստում այսօր իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդում ստեղծել է «փաստաբանների» իր խումբը, ովքեր չեզոքացնում են ադրբեջանական իշխանության շահերին չհամապատասխանող ամեն ինչ:

«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է քաղաքական կոռուպցիան քայքայում ժողովրդավարական արժեքները, տեսնում ենք, թե ինչպես են հենց մեր Վեհաժողովում շատ հարգարժան պատգամավորներ դառնում այս կամ այն երկրի վճարովի լոբբիստը», - հայտարարեց պատգամավորը` կոչ անելով միջոցներ ձեռնարկել Վեհաժողովի ներսում առկա քաղաքական կոռուպցիայի դեմ:

«Ես պետք է արձանագրեմ մի շատ կարեւոր հանգամանք», - Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց Զոհրաբյանը. - «Արդեն իսկ ակնհայտ է տրամադրության լրջագույն փոփոխություն միջազգային կառույցներում, արդեն իսկ բողոքը առ այն, որ Ադրբեջանն իր կաշառք տալու քաղաքականությամբ ուղղակիորեն այլասերում է միջազգային կառույցները` այդ մասին արդեն շատ բաց են խոսում թե՛ այստեղ, թե՛ Եվրախորհրդարանում, հույս է ներշնչում, որ խոսելուց հետո կանցնեն հաջորդ քայլին՝ կփորձեն լրջագույն դիմադրություն ցույց տալ»:

ԵԽԽՎ-ի նախագահի առաջարկով այսօր նախատեսված է Վեհաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը: Ինչպես Դավիթ Հարությունյանն է նշել Վեհաժողովի նախագահին ուղղված իր նամակում, քննարկվելիք հարցերի շրջանակում չպետք է ներառվեն այնպիսիք, որոնցով զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը: Հայաստանյան պատվիրակությունը պատրաստակամ է քննարկել քսենոֆոբիայի (այլատյացության), անհանդուրժողականության բացառմանն ուղղված համատեղ գործողությունների մշակման, քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումների խթանման խնդիրները:

Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, մեծ հույսեր չի կապում այս հանդիպման հետ: «Եթե ադրբեջանական պատվիրակությունը գալիս է հանդիպման, ինչ-որ երեկ շոուներ սարքեցին նիստերի դահլիճում` անգամ դիմելով ինձ, թե «եկեք նստենք, երկխոսենք», եւ դրան զուգահեռ` Ադրբեջանի Միլի մեջլիսում մի քանի պատգամավորներ նախաձեռնություն են պատրաստում, ըստ որի` Ադրբեջանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե նա ինչ-ինչ կոնտակտներ ունենա Հայաստանի որեւէ պետական, ոչ պետական կազմակերպության, մամուլի եւ այլնի հետ, ուղղակիորեն ես չեմ տեսնում տրամաբանությունը երկխոսության», - «Ազատություն. ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Զոհրաբյանը` ամփոփելով. - «Իհարկե, վստահության մթնոլորտի ստեղծումը կարեւոր է, բայց եթե հակառակ կողմից՝ Ադրբեջանի կողմից դա ընդամենը շոու է... Ինչեւէ, կհանդիպենք, կտեսնենք»:

Վեհաժողովի` կոռուպցիայի թեմայով այսօրվա նիստում հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատվիրակների ուշադրություն հրավիրեց Հայաստանի ներքին խնդիրների վրա` անդրադառնալով նաեւ վերջերս պայթած «օֆշորային սկանդալին», որում ընդգրկված է Հայաստանի վարչապետը: Զուրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ արեց պետք է հատուկ մոնիտորինգի ռեժիմ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք մերժում են ժողովրդավարությունը եւ ներծծված են կոռուպցիայի մեջ:

«Հայաստանը դարձել է Եվրախորհրդի մի քանի երկրներից մեկը, որտեղ ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր չէ: Հայաստանյան ռեժիմը հեշտությամբ չի կարող իրեն թույլ տալ կորցնել իշխանությունը, քանի որ այն թաթախված է կոռուպցիայի, փողերի լվացման մեջ, եւ ազգային հարստությունը ծառայում է Հայաստանում իշխող մի քանի ընտանիքների հարստացմանը: Փաստացի այն, ինչ մենք ունենք Հայաստանում, դասական պլուտոկրատիա է` ավազակապետություն», - հայտարարեց Զուրաբյանը:

Նա նաեւ ԵԽԽՎ-ում հայտարարություն է տարածել այն մասին, որ Հայաստանը դրժել է իր խոստումը` Մարտի 1-ի հանցագործությունները քննելու հարցում, պատվիրակների ուշադրությունը հրավիրելով Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու իրենց նախագծի տապալման վրա:

Հավելենք, որ այսօր Ստրասբուրգ կմեկնի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Աբրահամյանը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG