Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել


Երկուշաբթի Եվրոպական խորհրդարանում ցուցադրվեց հայտնի շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը:

Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայ դատի Բրյուսելի գրասենյակի եւ Եվրախորհրդարանի 2 պատգամավորների աջակցությամբ։

58 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմը Սյուզան Խարդալյանը նկարել է սեփական տատիկի կենսագրական դրվագների հիման վրա: Ֆիլմի հիմքում տատիկի դաջվածքներն են, որոնք թոռներին սատանայական նշան են թվացել եւ միայն ֆիլմի նկարահանումների ժամանակ է հեղինակը պարզել, որ դրանք ցեղասպանություն վերապրած տատի դառը կյանքի պատմության մասն են:

Եվրախորհրդարանի դահլիճում էլ հենց զրուցեցինք Շվեդիայից հատուկ ցուցադրության համար Բրյուսել հասած Սյուզան Խարդալյանի հետ:

«Մեծ մայրս մեզ որպես թոռների չէր սիրում, չէր գուրգուրում, չէր համբուրում: Նա ընդհանրապես ֆիզիկական կոնտակտ չսիրող մարդ էր: Ձեռքերին ձեռնոցներ էր կրում` թաքցնելով դաջվածքները»,- ֆիլմում իր տատին նկարագրում է հայազգի ռեժիսորը, ով նկարահանումների ժամանակ պարզում է, որ իր մեծ մայրը մեկն էր այն կանանցից, ում թուրքերը ցեղասպանության ժամանակ ստրկացրել են, բռնաբարել եւ դաջել` ի հիշատակ անմարդկային վերաբերմունքի եւ դառը ճակատագրի:

Բրյուսելը, թերեւս վերջին կետն էր, ուր Սյուզան Խարդալյանն այցելեց իր ֆիլմի ցուցադրության ժամանակ: Ռեժիսորը որոշել է այլեւս չհետեւել իր ֆիլմի աշխարհագրությանը: Խոստովանում է, որ մեծ մոր դաջվածքներն իր վրա շատ են ազդել, կուտակված ինֆորմացիայի հետ ապրելը դժվար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG