Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն կոչ է անում ակտիվացնել ղարաբաղյան բանակցությունները


ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը Երեւանում
ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը Երեւանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնել ղարաբաղյան խնդրի լուծման ուղիների որոնումը:

Երեւանում այսօր անցկացված ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հայտարարություն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը Եվրոպայի խորհրդի լիազորությունների շրջանակում չէ, սակայն մենք մեր աջակցությունն ենք հայտնում հակամարտության լուծման ուղղությամբ ընթացող բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ Մադրիդյան սկզբունքների հիման վրա», - նշված է հայտարարության տեքստում:

Հայաստանը այս պահին նախագահում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում, ինչի առիթով էլ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստն անցկացվեց Երեւանում:

Նիստի մասնակիցներին ղարաբաղյան հիմնահարցն էր հետաքրքրում:

Հայաստանի արտգործնախարարին եվրոպացի խորհրդարանականների ուղղած հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորություններին: Էդվարդ Նալբանդյանի խոսքով`
ԼՂ հիմնահարցի կարգավորումը Ադրբեջանն է տապալում:

Հարցին, թե ինչ փոխզիջման է պատրաստ Հայաստանը, Նալբանդյանն արձագանքեց. - «Է՞լ ինչ անենք: Հայաստանը պատրաստ է հարցը լուծել 3 համանախագահող երկրների առաջարկների հիման վրա, ինչին պատրաստ չէ Ադրբեջանը: Նրանք ձեւացնում են, որ ընդունում են միջնորդների առաջարկները` բերելով մինչեւ տասը փոփոխություն: Կա’մ ընդունում ես, կա’մ չես ընդունում: Ուրեմն մերժում ես»:

Սիրիական խնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելով` Նալբանդյանը ճիշտ համարեց, որ բոլոր կողմերը` թե' իշխանությունը, թե' ընդդիմադիրները, մասնակցեն որոշումների կայացմանը:

«Սիրիայի նախագահը մեկ տարի առաջ օժանդակություն էր վայելում իր երկրում: Մենք չենք կարող դա արհամարհել», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը` հավելելով. - «Կան տեսախցիկներ, բայց ասեմ, որ նա այսօր էլ այն վայելում է»:

Նրա ներկայացմամբ` Սիրիայի բնակչության մեծամասնությունը ընդդիմադիր ուժերին չի սատարում, որովհետեւ «մտահոգություններ ունի ապագայի վերաբերյալ»:

Պատգամավորներից մեկի հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Հայաստանը ռուսական գազի թանկացման դեմ, Նալբանդյանը դիվանագիտորեն պատասխանեց, թե երկու ռազմավարական գործընկերների միջեւ հարցի լուծումը կգտնվի:

Հայաստան ժամանած մոտ 80 պատվիրակներից ոչ մեկը ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարց չբարձրացրեց:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ` դա պատճառ ունի. - «Միջազգային հանրությունը աչք է փակում Հայաստանի ժողովրդավարության խնդիրների վրա, մարդու իրավունքների խախտումների վրա: Եվ անում է դա մեկ նպատակով. որովհետեւ շատ կոնկրետ աշխարհաքաղաքական խնդիրներ է լուծում, սպասելիք ունի, ակնկալիք ունի Հայաստանի իշխանություններից, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդրում զիջումների գնալու եւ հայ-թուրքական արձանագրությունների հարցում նույնպես զիջումների գնալու հարցում»:

«Հայաստանը ժողովրդավարական արժեքներով, լավ ընտրություններ անցկացնելու կարողությամբ Եվրամիության անդամ շատ երկրներից առաջ է», - հակադարձելով Զուրաբյանին` ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` շարունակելով. - «Հայաստանի չի առանձնանում էապես այլ երկրներից: Հակառակը` մի շարք երկրներից անհամեմատ ավելի առաջ է»:

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի խոսքով` այս կամ այն երկրում տիրող իրավիճակի մասին իրենք Մոնիթորինգի հանձնաժողովի, Եվրախորհրդի Կտտանքների կանխարգելման կոմիտեի, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցներից են տեղեկանում, իսկ անձնական գնահատականներ հնչեցնելը Եվրախորհրդի լիազորությունների շրջանակում չէ:

Ադրբեջանական պատվիրակության անդամները Հայաստան չէին ժամանել, Թուրքիան ուներ մեկ ներկայացուցիչ` Մամեչան Նորսունան: Նա հույս հայտնեց, որ հայ-թուրքական արձանագրությունները կվերադարձվեն թուրքական խորհրդարանի օրակարգ: «Թուրքիան ուզում է դրանք վավերացնել», - ասաց նա` չպարզաբանելով, սակայն, թե ինչու չի անում դա:

Հայաստանի գերակայությունները Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության շրջանում, ըստ արտգործնախարար Նալբանդյանի հետեւյալն են. Եվրոպայում հրատապ ջանքերի կարիք ունեն ռասիզմի եւ օտարատյացության դեմ պայքարը, մարդու իրավունքների գերակայությունը եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդումը:
XS
SM
MD
LG