Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում այսօր ընտրություններ են


Տեղական ընտրություններ Լոս Անջելեսում, արխիվ
Տեղական ընտրություններ Լոս Անջելեսում, արխիվ

Ամերիկահայ լրագրող Հարութ Սասունյանի կարծիքով` ընտրարշավի ընթացքում տեղ գտած դեպքերը «փոքր, աննշան հարցեր են»:

Լոս Անջելեսում այսօր ընտրում են քաղաքային խորհուրդ եւ քաղաքապետ:

Լիթլ Արմենիա հայաշատ թաղամասում քաղաքային խորհրդի ընտրությունների քարոզարշավը աչքի ընկավ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերով, այդ մասին հրապարակումներ եղան, մասնավորապես, Los Angeles Times պարբերականում:

Քարոզարշավի ընթացքում Արեւելյան Հոլիվուդն ընդգրկող 13-րդ ընտրատարածքում առաջադրված երկու թեկնածուները` Ջոն Չոին եւ Միթչ Օ՛Ֆարելը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում հայազգի ընտրողների շրջանում ընտրախախտումների վերաբերյալ` քարոզարշավի խոչընդոտում, «սեւ PR», տեղական գրանցում չունեցող ընտրողների ներգրավում եւ այլն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանելով հարցին` որքանո՞վ տեղ գտած խախտումները եւ այս մթնոլորտը կազդեն ընտրությունների վրա, California Courier պարբերականի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը ասաց. - «Իմ կարծիքն է, որ այս դեպքերը փոքր, աննշան հարցեր են, պետք չէ մեծացնել, ուռճացնել եւ մի մեծ բան սարքել այս պատմություններից: Գլենդեյլի պարագայում, ուր հայահոծ համայնք կա, ամեն անգամ, երբ քաղաքապետարանի ընտրություն կա` այդ նույն բողոքները կան, նույն դատական հարցերը կան, միշտ կողմերից մեկը կամ մյուսը բողոքում է: Տարիներ են անցնում, եւ երբեք չենք լսում, որ որեւէ հետեւանք ունենան այդ դատական պրոցեսները` ոչ մեկը չի դատվում, ոչ մեկը չի բանտարկվում, ոչ մեկը մեղավոր չի ճանաչվում»:

«Այդպես բողոքում են` բողոքելու սիրույն, որովհետեւ բողոքը ինքնին արդեն քաղաքական ակտ է, իրենք դատական հարցեր չեն հետապնդում, նման բաներ ասում են պարզապես որպեսզի ժողովրդի առաջ դիմացի կողմը վատ երեւա, եւ իրենք քվեարկության օրը հավելյալ քվեներ ստանան», - ընդգծեց Սասունյանը` հավելելով. - «Շատ կարճատեւ, քվեարկության օրվա մարտավարություններ են եւ ոչ թե իսկապես դատական լուրջ հարց: Շատ կզարմանամ, եթե որեւէ մեկը դատվի եւ բանտ գնա այս դեպքերի պատճառով»:

Ամերիկահայերի համար այս ընտրությունների կարեւորության վերաբերյալ ամերիկահայ լրագրողը նշեց. - «Որոշ կարեւորություն ունեն, անշուշտ, չի կարելի ասել, թե անկարեւոր են»:

Նա հայտնեց, որ Հոլիվուդի շրջանի քաղաքապետարանի անդամի ընտրություններում կար մի հայ թեկնածու` Սեմ Կբուշյան անունով, ծագումով հայաստանցի, որը նախնական ընտրություններում երրորդն էր եւ դուրս մնաց վերջնական մրցությունից. - «Մնացին երկու ոչ հայեր, Սեմ Կբուշյանը պաշտպանում է այդ թեկնածուներից մեկին, ուրիշներն էլ պաշտպանում են նրա հակառակորդին»:

«Իմ կարծիքով` երկուսից ով էլ ընտրվի, հայ համայնքի հետ կապեր կան այդտեղ, եւ, կարծում եմ, հայ համայնքը կկարողանա աշխատել ընտրվող թեկնածուի հետ` քաղաքապետարանի անդամի հետ», - ասաց Սասունյանը:

Նրա փոխանցմամբ` Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում, որոնցում քաղաքում ապրող բոլոր հայերը իրավունք ունեն քվեարկելու, կան երկու գլխավոր թեկնածուներ` քաղաքային խորհրդի անդամ Էրիկ Գարսեթին եւ Վենդի Գրուըլ անունով մի կին գործիչ: «Հետաքրքիրը այն է, որ երկուսն էլ թունդ հայասեր, շատ հայասեր մարդիկ են, տարիներով աշխատել են հայ համայնքի հետ, եւ հիմա իրենք իրար գերազանցող խոստումներ են տալիս Լոս Անջելեսի հայությանը, թե իրենք որ ընտրվեն որպես քաղաքապետ Լոս Անջելեսի, ինչ լավ բաներ պիտի անեն հայության համար: Այդտեղ էլ լավ լուրը այն է, որ երկուսից որն էլ ընտրվի` պիտի լինի հայանպաստ եւ հայասեր մի անձնավորություն, Լոս Անջելեսի` կարեւոր քաղաքի քաղաքապետ», - ասաց Հարութ Սասունյանը:

Թեկնածուների կողմից տրվող խոստումների վերաբերյալ էլ ամերիկահայ լրագրողը փոխանցեց. - «Խոստումներ են տալիս, որ, օրինակ, պիտի Հայոց ցեղասպանության մասին դրական դիրքորոշում ունենան, խոստանում են, որ հայ համայնքի պահանջները, պետքերը պիտի հոգան: Օրինակ, վերջերս թեկնածուներից մեկը` որպես ներկայիս քաղաքապետարանի անդամ, կարողացավ մի հին շենք, որ քաղաքը չէր օգտագործում, նվիրել հայ համայնքին, որպեսզի լինի հայ համայնքի կենտրոն` որպես նվեր քաղաքի կողմից: Կարող են քաղաքից որոշ գումարներ հատկացնել հայկական հարցերի, Հայ օգնության միության, տարեցների, հիվանդների, ուսանողների` այսպիսի բաների համար հատուկ գումարներ կան քաղաքում, քաղաքապետը կարող է այդ գումարները հատկացնել քաղաքի որոշ պահանջների համար»:
XS
SM
MD
LG