Մատչելիության հղումներ

Ընտրակեղծիքներ Լոս Անջելեսում


ԱՄՆ- Տեղական ընտրություններ Լես Անջելեսում, արխիվ
ԱՄՆ- Տեղական ընտրություններ Լես Անջելեսում, արխիվ

Դատախազությունը քննում է տարեց հայ ընտրողների քվեարկության ուղղորդման եւ կեղծման փաստերը:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի` մայիսի 21-ին կայանալիք ընտրություններից առաջ ամերիկյան դատախազությունը քննում է Լիթլ Արմենիա թաղամասից ընտրակեղծիքների մասին ստացվող տեղեկությունները:

Los Angeles Times թերթի փոխանցմամբ` Լոս Անջելեսի շրջանային դատախազության մամուլի խոսնակ Ջեքի Լեյսին հայտարարել է, որ իրավապահները քննում են տասնյակ հայազգի ընտրողների քվեաթերթիկներն անօրինականորեն լրացնելու մասին տեղեկությունները: Խոսքը մինչեւ քվեարկության օրը փոստով ուղարկվող քվեաթերթիկների մասին է:

Հիշեցնենք, որ լարվածությունը ծագել է հայաշատ Արեւելյան Հոլիվուդն ընդգրկող 13-րդ ընտրատարածքում, որտեղ միմյանց դեմ են պայքարում Միթչ Օ'Ֆարելն ու Ջոն Չոին: Մոտ երկու շաբաթ առաջ տեղեկություններ ստացվեցին հայազգի ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախման մասին:

Այժմ էլ, ահա, Ջոն Չոիի նախընտրական շտաբը պաշտոնական բողոք է հղել շրջանային դատախազություն, որում նշված է. - «Արդեն մի քանի օր է ինչ Արեւելյան Հոլիվուդում համատարած ընտրակեղծիքներ եւ անօրինական նախընտրական գործունեության փաստեր են արձանագրվում»: Չոիի կողմնակիցները ընտրախախտումների ողջ մեղքը բարդում են հակառակորդ թեկնածուի շտաբի վրա:

Միթչ Օ’Ֆարելի կողմնակիցները կտրականապես հերքում են ներկայացվող մեղադրանքները: Թեկնածուի խոսնակ Ռենե Նահումը հայտարարել է. - «Կեղծիքներն իրականում կատարվում են մեր մրցակից Ջոն Չոիի կողմից»:

Այս իրարամերժ հայտարարությունների, փոխադարձ մեղադրանքների եւ շարունակվող հետաքննության ֆոնին Los Angeles Times-ի թղթակիցներ Ալեն Չեքմեջյանն ու Քեթրին Լինթիկամը որոշեցին անձամբ գնալ ներկայացված փաստերի հետքերով` բավական արագորեն մի շարք լուրջ խախտումներ հայտնաբերելով: Խոսքը, ըստ լրագրողների, նախեւառաջ հայազգի տարեց ընտրողներին խաբեությամբ այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկության դրդելու դեպքերի մասին է:

«83-ամյա Ռաֆիկ Համբարձումյանը Los Angeles Times-ի թղթակցին պատմել է, որ մեկ շաբաթ առաջ հայախոս մի կին է եկել իր տուն` իրեն եւ կնոջն օգնելով լրացնել քվեաթերթիկը: Անգլերենին չտիրապետող Համբարձումյանն ասում է, որ կինն իրենց օգնել է քվեարկել հայազգի թեկնածու Սեմ Կբուշյանի օգտին: Համբարձումյանը, սակայն, խիստ զարմացավ, երբ թերթի թղթակիցները նրան հայտնեցին, որ Կբուշյանը դեռ մարտ ամսին է դուրս մնացել ընտրապայքարից, եւ նրա անունը քվեաթերթիկում ընդհանրապես չկա», - գրում թերթը:

Լոսանջելեսցի հայը նշել է, որ չգիտի, թե թեկնածուներից հատկապես ում օգտին է աշխատել իրեն այցելած հայ կինը: «Օրական չորս-հինգ անգամ մեզ են զանգահարում` տարբեր թեկնածուների օգտին քարոզելով», - բողոքել է թերթի զրուցակիցը:

Los Angeles Times-ի թղթակիցները զրուցել են նաեւ Լիթլ Արմենիայում բնակվող եւս մեկ հայազգի ընտրողի` 65-ամյա Գալուստ Խաչատրյանի հետ: Նա, իր հերթին, պատմել է, որ օրերս իրեն են այցելել երկու հայազգի ակտիվիստներ, բայց ոչ թե օգնել են քվեարկել, այլ պարզապես տարել են նրա դատարկ քվեաթերթիկը: «Ես այդ մարդկանց ճանաչում էի որպես Կբուշյանի ակտիվիստներ, հիմա ում օգտին են նրանք աշխատում` տեղյակ չեմ», - ասել է Խաչատրյանը:

Ի դեպ, Կբուշյանը, որը մարտին կայացած նախնական ընտրություններում անսպասելիորեն երրորդ տեղը զբաղեցրեց, այժմ սատարում է թեկնածուներից Միթչ Օ’Ֆարելին: Այդ իսկ պատճառով, հիմնական կասկածները հենց նրան են ուղղված:

Չնայած դրան, Los Angeles Times-ի թղթակիցները հայտնաբերել են, որ Չոիի կողմնակիցները եւս հայազգի ընտրողների շրջանում խախտումներ են թույլ տալիս` մասնավորաբար, մոլորության մեջ գցելով նրանց: Չոիի աջակիցները հայերին խաբում են, թե իբր ընտրապայքարից դուրս եկած, բայց հայերի շրջանում մեծ հեղինակություն վայելող Կբուշյանը հենց իրենց թեկնածուին է սատարում: «Հոլիվուդի բնակչուհի Նունե Բեկնազարյանի խոսքով` նման ուղերձով իրեն այցելել են Չոիի շտաբի հայազգի ակտիվիստները», - գրում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG