Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ական պատգամավորը ձեռքբերում է համարում վերջին երեք ընտրությունները


ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյան
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյան
Ձեռքբերում է այն, որ ունեցանք ավելի հուսալի, վստահելի, օրինակելի ընտրություններ, այսպես գնահատեց նախորդ մեկ տարվա ընթացքում անցկացված խորհրդարանական, նախագահական ու Երեւանի ավագանու ընտրություններն ու ընտրական գործընթացները, Ազգային ժողովի իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած վերջնական զեկույցին` ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. - «Ինձ համար այնտեղ մի մտահոգիչ միտք կար, որ հանրության վստահությունը ընտրական պրոցեսների նկատմամբ փոքր է: Կարծում եմ, այս բացթողումը նաեւ բոլորինս է, որովհետեւ ընտրական պրոցեսների նկատմամբ վստահությունը պետք է ձեւավորենք բոլորս` ընդդիմադիր, իշխանական թեւերի հետ միասին»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում խոսվում է ոչ միայն ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության պակասի, այլեւ ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման մասին: Պետական պաշտոնյաները պետք է զերծ մնան վարչական ռեսուրսները չարաշահելուց, արդյունավետ ջանքեր պետք է գործադրել պետական վարչակազմի, այդ թվում` պետական ու տեղական մարմինների պաշտոնյաների անկողմնակալությունը ապահովելու համար, նրանք պետք է զերծ մնան ընտրողների վրա ճնշում գործադրելուց թե ընտրարշավի ժամանակ, եւ թե քվեարկության օրը, հորդորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: Հովհաննես Սահակյանի պարզաբանմամբ` նախագահական ընտրությունների քարոզարշավում ներգրավված իրենց թիմի պաշտոնյաները եղել են արձակուրդում:

«Այստեղ սուբյեկտիվ ընկալման խնդիր կա: Սա էլ խնդիր է, երբ միջազգային փորձագետը, դիտորդը չի կարող գալ, մանրամասն տեսել կամ հետամուտ չի լինում, դրա համար նման եզրակացության է հանգում: Եվ հանրային վստահության մակարդակը, եւ նման ձեւակերպումները մեծ մասով նաեւ կապ ունեն լրատվության հետ, թե ինչպիսի տեղեկատվություն են տրամադրում», - ասաց Սահակյանը:

Հարցին` ընդունելի՞ է արդյոք Հանրապետական կուսակցության համար Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու, մասնավորապես, ընտրական գործընթացներում պաշտոնեական դիրքը եւ վարչական ռեսուրսները չարաշահելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. - «Մենք բավականին լուրջ մեխանիզմներ ներառել ենք նաեւ այս ընտրական օրենսգրքի մեջ` կապված քրեական պատասխանատվության հետ, դրանք բոլորը քննարկելու խնդիր են, ես միանձնյա չեմ կարող ասել, որ Հանրապետականը կողմնակից է, թե` ոչ: Բայց ես կարծում եմ, որ առաջիկայում կունենանք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ամբողջության մեջ, որպեսզի ներգրավված լինեն Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական թիմերի խմբակցությունները, անկախ փորձագետներ, որպեսզի նման հարցեր քննարկեն»:

Հովհաննես Սահակյանի խոսքով` առաջիկա 3-4 տարիներին, մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները, կարող են լուրջ վերանայել ընտրական օրենսգիրքը, որպեսի այն խնդիրները, որոնք անցած երեք ընտրությունների ընթացքում նկատել են, փորձեն վերացնել:

Ինչ վերաբերում է մայիսի 5-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրություններին, ապա ՀՀԿ-ական պատգամավորն աննախադեպ է որակում այն փաստը, որ վերահաշվարկի վերահաշվարկի միանգամից 160 դիմում է ներկայացվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին:

«Մոտ 80 ընտրատեղամասերում վերահաշվարկը արդեն իսկ կայացել է, եւ 50 տոկոսից ավելիի դեպքում որեւէ փոփոխություն չի նկատվել, մյուսներում 1-2 ձայների տարբերություն է, եւ ինձ ասացին, որ մյուս 50-ի հանրագումարի արդյունքում մեր ձայները 1-2 ձայնով ավելացել են», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG