Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ընդդիմադիր ուժերի միավորումը հավանական է համարում


Աղվան Վարդանյան
Աղվան Վարդանյան
ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահ է, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո չորս ընդդիմադիր ուժերը կմիավորվեն մեկ միասնական թեկնածուի շուրջ, եւ ամենայն հավանականությամբ, դա կլինի ՀՅԴ-ի ներկայացրած քաղաքապետի թեկնածու:

«Չորս ընդդիմադիր ուժերը գնում են առանձին, ամեն մեկը կփորձի առավելագույն ձայն հավաքել եւ դրանից հետո բոլոր շանսերը կան, որ մենք կարողանանք միավորվել եւ միավորող կարող է լինել միայն Դաշնակցությունը: Նայեք` այսօր ընդդիմադիր դաշտում ինչ է կատարվում, եւ իշխանությունը ինչպես է փորձում կռիվ գցել ընդդիմության մեջ», - երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վարդանյան:

Ըստ Դաշնակցության ներկայացուցչի` ավագանու ընտրությունները լակմուսի թուղթ են լինելու իրենց ընդդիմադիր համարող ուժերի համար: Երեւանն ընդդիմադիր քաղաքապետ պետք է ունենա, ասում է Վարդանյանը:

«Ով չմիավորվեց ընդդիմադիր քաղաքապետ ձեւավորվելու հարցում, նաեւ ձեզ համար պարզ կլինի, թե որ ուժը այլ բան արեց, իշխանության խաղը խաղաց», - շեշտեց նա:

Երեւանի ավագանու ընտրությունների համար ձեւավորված 13 ընտրատարածքներում եւ 464 տեղամասերում ՀՅԴ-ն կունենա 26-ական հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար: Կուսակցությունը խոստանում է, որ ամեն ինչ կանի երեւանցիների ձայները պահպանելու համար, թեեւ Աղվան Վարդանյանն արդեն ահազանգում է , որ Հանրապետական կուսակցությունն օգտագործում է իր բոլոր վարչական ռեսուրսները: Բոլոր պետական հիմնարկները «հանրապետականացված են», պնդում է Վարդանյանը:

«Եվ թող չխաբեն մեր ժողովրդին, թող չասեն, որ այս ընտրությունները քաղաքական չեն: Եթե քաղաքական չեն, էդ ի՞նչ հայտարարություններ են տարածում Ռուսաստանի հայերի միությունը` Արա Աբրահամյանի գլխավորությամբ, էդ ի՞նչ հայտարարություններ են տարածում ազգային փոքրամասնությունների անունով, «Նիգ Ապարան» հայրենակցական միության անունով: Էդ ե՞րբ են տեղական ընտրությունները նման նշանակություն ունեցել, որ արդեն ձեռքները փրփուրներին գցում», - հարցրեց Վարդանյանը:

Դաշնակցական գործիչը Երեւանի գործող քաղաքապետ, Հանրապետականի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին որակեց որպես «պատահական քաղաքապետ»:

«Երբ Պլաչիդո Դոմինգոն Բեգլարյանին «հեռացրեց», Տարոն Մարգարյանին` երկրորդ համարին չնշանակեցին քաղաքապետ, նշանակեցին հինգերորդ համարին` Կարեն Կարապետյանին: Եվ երբ Կարեն Կարապետյանը թողեց, գնաց, ճար չունենալով, ստիպված նշանակեցին Տարոն Մարգարյանին: Մարգարյանը լավ քաղաքապետ չէ: Տարոն Մարգարյանը լավ ֆոն է Հանրապետականի մենիշխանության համար», - ասաց Աղվան Վարդանյանը:

Երեւանի ավագանու ընտրությունների` ՀՅԴ-ի քարոզարշավն ընթանում է հիմնականում քաղաքի տարբեր համայնքների բակերում տեղի ունեցող հանդիպումներով: ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցում է 65 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է Արմեն Ռուստամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG