Մատչելիության հղումներ

Պուտինը խոսել է Մաքսային միության հետ Հայաստանի համագործակցության մասին


 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին
Երեկ աշխատանքային հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ի թիվս այլ հարցերի քննարկել են նաեւ Մաքսային միությանը եւ Հայաստանի հնարավոր համագործակցության ձեւաչափերը:

Մեկ շաբաթ առաջ Հայաստան այցելած Վիկտոր Խրիստենկոն Պուտինի հետ զրույցում նշել է, որ ինքը Հայաստանի կողմից հետաքրքրություն է տեսնում:

«Մենք Եվրազեսում դիտորդ-երկրներ ունենք՝ Ուկրաինան, Հայաստանը, որոնք նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում»,- ասել է Խրիստենկոն:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ վերջերս Մաքսային միության հետ համագործակցելու հետաքրքրություն եւ շահագրգռվածություն են դրսեւորել մի շարք երկրներ:

«Ես այդ հարցով շատ դիմումներ եմ ստացել: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք գտնվում»,- նշել է Պուտինը: Ռուսաստանի Դաշնության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանին` Խրիստենկոյին հարցնելով, թե Հայաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայության խնդիրն ինչպե՞ս կարող է լուծվել:

«Անջատված տարածքների կառավարման տեխնիկայի եւ տեխնոլոգիայի տեսանկյունից, այդ թվում մաքսային տարածքների դեպքում, ունենք եվրոպական փորձը եւ ըստ էության այստեղ խնդիր չկա»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, չմանրամասնելով, սակայն, թե հատկապես ինչ կառավարման տեխնոլոգիաների մասին է խոսքը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ, Մաքսային միության մասին խոսելիս կրկին Հայաստանը հիշատակելով, այս անգամ ռուսական կողմը հստակ մատնանշում է այն ձեւաչափը, որի միջոցով պատկերացնում է Հայաստանի հետ համագործակցությունը. - «Սա կրկնում է այն, ինչ ասել է Հայաստանի նախագահը եւ ինչն այս պահին գտնվում է սեղանին այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն ու Ուկրաինան են: Դա ենթադրում է, որ պետք է գտնել համագործակցության մի մոդել այն ինտեգրացիոն նախագծերի համար, որոնք գոյություն ունեն Ռուսաստանի-Բելառուսի-Ղրղըզստանի միջեւ եւ որոնք կիրառելի են նաեւ Հայաստանի համար: Նշում եմ՝ ոչ թե այդ միության կազմում, այլ այդ միության հետ»:

Սակայն քաղաքագետը հավելում է, որ Վիկտոր Խրիստենկոյի նշած եվրոպական փորձը, որն իբր թե նախադեպ կարող է լինել ցամաքային սահման չունեցող, սակայն մաքսային ընդհանուր միություն ստեղծել ցանկացող երկրների համար, իրականում գոյություն չունի. - «Ես բավականին լավ եմ հիշում Եվրոպայի քարտեզը եւ չեմ կարող մտաբերել, թե Եվրոպայում որտեղ կա նմանատիպ փորձ: Մաքսային միությունը ստեղծվում է այն երկրների միջեւ, որոնք ընդհանուր մաքսակետ ունեն, որպեսզի այդ մաքսակետում զննումներ չանցկացվեն»:

Նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցով նշել էր, թե դեռ հստակ չէ ՝ արդյոք Մաքսային միության անդամները ցանկություն ունեն որեւէ մեկին ներգրավելու: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարել էր, որ Երեւանը կողմ է ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, մյուս կողմից` փաստարկել, որ Մաքսային միությանը անդամակցելը Հայաստանի համար տնտեսապես շահավետ չէ, քանի որ չկա ընդհանուր սահման այս միությանը անդամակցող մյուս երկրների հետ։ Չեն դադարում նաեւ ԵՄ-ից պարբերաբար հնչող նախազգուշացումներն այն մասին, որ Պուտինի նախաձեռնած Մաքսային միությունը անհնար է համատեղել Եվրամիության առաջարկած ազատ առեւտրի գոտու հետ:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ այս երկու տնտեսական ձեւաչափերն անհամեմատելի են. - «Այս երկու ֆորմատները համեմատելը նույնն է, ինչ համեմատել շրջանը կապույտի հետ: Չկա հակասություն»:
XS
SM
MD
LG