Մատչելիության հղումներ

Խորհրդարանական լսումներ՝ բանակի վերաբերյալ


Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ընթացքում այսօր պաշտոնական եւ հասարակական կողմերն անդրադարձան բանակի հետ կապված խնդիրներին:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն անդրադարձավ բանակում օրինականության հարցերի կապակցությամբ հանրային վստահությանը:

«Պետք է նկատել, որ վստահությունը դա չափելի կատեգորիա չէ։ Նույն դեղին մամուլում ոչ ստույգ, խեղաթյուրված կամ պատվիրված նյութերի աճը, կամ կասկածելի քաղաքացիական նախաձեռնությունների ավելացումը դեռեւս բանակի նկատմամբ վստահության անկման ապացույց չէ», – մասնավորապես, ասաց Օհանյանը։

Բանակի եւ լրատվամիջոցների գործունեության հնարավոր սխալները հետեւանքները փորձեց համեմատել Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը։

«Լրատվամիջոցները, լինում է, որ սխալվում են, բայց վստահեցնում եմ՝ լրատվամիջոցների սխալներից դեռ ոչ ոք չի մահացել», – ասաց լրագրողական կազմակերպության ղեկավարը։

Լսումներին հետեւող Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը բանակի հետ կապված խնդիրների լուծման ամենակարճ ճանապարհներից մեկը համարեց զինվորական հանցագործությունների եւ դրանց իրական պատճառների վերաբերյալ հավաստի եւ ստույգ տվյալների հրապարակումը։

«Ինչո՞ւ մինչ հիմա չի գործում օրենքով նախատեսված մոնիտորինգային խումբը Պաշտպանության նախարարության առընթեր», – այս առնչությամբ հարցնում է Ալավերդյանը։

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երեւանի գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի համոզմամբ՝ իրապես ժողովրդավարական պետություն կառուցելու գլխավոր նախապայմաններից մեկը քաղաքացիական վերահսկողություն է զինված ուժերի նկատմամբ։

«Քաղաքացիական հասարակության եւ պաշտպանության ոլորտի սերտ համագործակցությամբ է պայմանավորված զինված ուժերի կառավարման մակարդակը: Իսկ զինված ուժերի կառավարման մակարդակի բարելավումը կարող է նպաստել բանակում մարդու իրավունքների պաշտպանությանը», – հայտարարեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ, օրինակ, պայմանագիր կնքած սպան չունի պայմանագրի իր օրինակը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հակադարձեց. – «Պայմանագրի մեկ օրինակը գտնվում է անձամբ իր տնօրինության տակ»։

Բանակում, ըստ պաշտոնական տվյալների՝ ինքնասպանություն գործած, հարազատների պնդմամբ՝ սպանված սպա Արտակ Նազարյանի քույրը՝ լրագրող Ծովինար Նազարյանը վկայեց. – «Ուզում եմ պատասխանել գնդապետին. եղբորս պայմանագիրը մենք ստացանք իր մահից հետո։ Մայրս դիմում գրեց եւ ստացանք, ու շատ լղոզված պայմանագիր էր։ Սա ուղղակի՝ ինֆորմացիայի համար։ Եվ պայմանագրի օրինակը ինքը չի ունեցել»։

Ծովինար Նազարյանը իր եղբոր մահվան գործի օրինակով գնահատեց զինվորական հանցագործությունների բացահայտման համակարգը. – «Նախաքննությունը եւ մեղադրանքը դատարանում պաշտպանում է Զինվորական դատախազությունը։ Նախաքննությունը իրականացնում է Պաշտպանության նախարարությանը ենթակա ստորաբաժանում, այն է՝ քննչական ծառայությունը, որը նույնպես հետապնդում է գերատեսչական շահեր, եւ իմ փորձից գիտեմ ու բազմաթիվ դատավարական պրոցեսներին հետեւելուց գիտեմ, որ օրինաչափ է այնտեղ հանցագործությունների կոծկումը։ Եվ զինվորական դատախազությունն էլ, իհարկե, հովանավորում է այդ հանցագործությունների կոծկումը։ Ցավոք, չունենալով արդար դատավարական մարմիններ Հայաստանում, դատարանները նույնպես կնքում են այն մեղադրանքները, որ զինվորական դատախազությունները ներկայացնում են իրենց»։

Խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ամփոփելով այսօրվա խորհրդարանական լսումները, կարեւոր համարեց առաջիկայում եւս բանակի խնդիրների լուծմանը նվիրված հանդիպումներ կազմակերպելը՝ Զինված ուժերի ղեկավարների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
XS
SM
MD
LG