Մատչելիության հղումներ

ԶՈւ-ում կարգապահության ամրապնդման գործում` «զգալի առաջընթաց»


Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ
Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի Զինված ուժերում կարգապահության ամրապնդման եւ բարոյահոգեբական վիճակի բարձրացման ոլորտում զգալի առաջընթաց է արձանագրվել: Այս մասին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած կոլեգիայի նիստի ընթացքում:

Օհանյանը նշել է, որ վերջին տարիներին Զինված ուժերում բավականին լուրջ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ. «Կարգապահության ամրապնդման ոլորտում մեր անելիքները մշտական են եւ անսպառ: Որքան էլ հաջողություններն ակնհայտ լինեն, թեկուզ մեկ զոհի առկայությունը ցույց է տալիս, որ մենք դեռ աշխատելու եւ ցուցանիշները բարելավելու խնդիր ունենք», - ընդգծել է նախարարը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ վերջին տարիներին Զինված ուժերում իրականացված բարեփոխումները, զորքերի բարոյահոգեբանական ապահովման համալիր միջոցառումները, անձնակազմի հետ տարվող տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքներում ներդրված նոր սկզբունքներն ու մոտեցումները, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված բազմավեկտոր կանխարգելիչ աշխատանքները հանգեցրել են դրական արդյունքների, եւ հաջողվել է ցուցանիշների առաջընթաց գրանցել:

Կոլեգիայի նիստին մասնակցել են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների պետեր, բանակային կորպուսների եւ զորամասերի հրամանատարներ, Ազգային անտանգության ծառայության եւ Ոստիկանության ներկայացուցիչներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հնչած ելույթներում ներկայացվել են Զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, արատավոր բարքերի դեմ պայքարի մեթոդները, ինչպես նաեւ ազգային գաղափարախոսության ներդրման տեսլականը եւ ուղենիշները:

Քննարկումների արդյունքում Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ եւ հստակ ժամանակացույցեր սահմանել աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG