Մատչելիության հղումներ

Հանրայինի եթերում քարոզարշավը առաջինը կսկսի ՀՀԿ–ն


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստին վիճակահանությամբ որոշվեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների ապրիլի 7-ից մեկնարկող քարոզարշավը Հանրային հեռուստաընկերության եթերում կսկսի Հանրապետական կուսակցությունը:

ԿԸՀ-ում այսօր վիճակահանությունների եւ տեղաբաշխումների օր էր:

Սկզբում հայտարարվեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների համար ձեւավորվել է 13 ընտրատարածք եւ 464 տեղամաս: Տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվը խմբակցությունների միջեւ բաշխվել է հետեւյալ կերպ. ամենաշատ հանձնաժողովի նախագահ ու քարտուղար ունեցող խմբակցությունների ցուցակի առաջին 3 տեղերում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ն են:

Այսպես, ՀՀԿ–ն ունի 206–ական նախագահ եւ քարտուղար, ԲՀԿ–ն ունի 144–ական նախագահ եւ քարտուղար, ՀԱԿ–ն ունի 36-ական նախագահ եւ նույնքան քարտուղար։

26-ական հանձնաժողովի նախագահ ու քարտուղար կունենան ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»:

Այսօր ԿԸՀ-ն նաեւ որոշեց Հանրային հեռուստատեսությամբ տրամադրել 30 րոպե անվճար եւ մինչեւ 50 րոպե վճարովի եթեր, հանրային ռադիոյով՝ 50 րոպե անվճար եւ մինչեւ 80 րոպե վճարովի եթերաժամանակ: Խմբակցություններին քարոզարշավի եթերը կտրամադրվի հանրային հեռուստատեսութամբ ժամը 18-ից, իսկ հանրային ռադիոյով՝ ժամը 13.30-ից հետո:

Քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 7-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 3-ը: Թե ինչ հերթականությամբ խմբակցությունները կհայտնվեն եթերում նույնպես որոշվել է վիճակահանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG