Մատչելիության հղումներ

Երեւանի գրքի ամենամեծ շուկան փակվեց


Երեւանի Երիտասարդական մետրոյի գետնանցումից այսուհետ հնարավոր չի լինի գիրք գնել:

Երեւանն այլեւս գրքի համաշխարհային մայրաքաղաք չէ, մայրաքաղաքի ամենամեծ գրքի շուկան էլ այսօր հավաքվեց ու տեղափոխվեց պահեստներ: Քաղաքի հայտնի գրավաճառներն էլ դարձան գործազուրկներ:

«Հլը որ տանում ենք պահեստներ», «Տարածքը արդեն առել են, գիտեինք մի տարուց ավելի, հիմա մենք գործազուրկ ենք», «Շուկան լուծարվել է, ամեն մարդ իր գլխի ճարը պիտի տեսնի»… «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին տարածքում աշխատող գրավաճառները:

Երիտասարդական մետրոյի գետնանցումի գրավաճառները վաղուց էին տեղեկացվել, որ գետնանցումը վերանորոգվելու է, իրենք պետք է տեղափոխվեն: Սակայն մի քանի տասնյակ հազարանոց գրադարան ունեցող գրավաճառները մինչ այսօր սպասում էին, որ փոխարենն իրենց նոր տարածք կտրամադրվի: Օրը եկավ, գրավաճառներին ստիպում են ազատել տարածքը: Նրանք էլ հեռանում են հույսով, որ մեկ ու կես տարի անց կկարողանան վերադառնալ արդեն վերանորոգած գետնանցում:

Երեւանի քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ տարածքում տնտեսվարող սուբյեկտը որոշել է վերանորոգման աշխատանքներ կատարել: Քաղաքապետարանի լրատվության վարչության փոխանցմամբ` գրավաճառներին երկու այլ տարածքներ են առաջարկվել` Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանի եւ Ձկան խանութի հարակից գետնանցումներում: Սակայն մեզ հետ զրույցում Երիտասարդականի գրավաճառները պնդում էին, որ իրենց որեւէ առաջարկ չի արվել. իրենք հեռանում են առանց որեւէ ծրագրերի ու երաշխիքի, որ մի օր գրքերը փաթեթավորված արկղերից դուրս կբերվեն:

«Բոլորն էլ ընտանիք են պահում, եթե չսատարեն, մարդիկ պիտի թողնեն, գնան: Պատկերացրեք` քանի՞ ընտանիք կգնա այստեղից, իսկ մենք չենք ուզում փախնել մեր երկրից», - ասում էր գրավաճառներից մեկը:

«Սա միայն աշխատանք չէ, սա հոգեւոր սնունդ է, սա ավելին է, քան նյութականը», - շարունակեց մեկ ուրիշը:

Մայրաքաղաքի ամենահայտնի գրաշուկան առավոտյան արդեն կիսադատարկ էր: Վերջին մոհիկան գրավաճառները փաթեթավորում են գրքերն ու պատմում, թե ինչպես են գրքերն իրենց օգնել ծանր տարիներին գոյատեւել: Հետո նրանք հիշեցին, որ այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, շնորհավորեցին միմյանց եւ գրքերը տեղափոխեցին պահեստ:

Գրքերն ու վաճառողները գետնանցումից տարհանվեցին
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG