Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան վերահաստատում է՝ հայաստանյան ընտրությունների արդյունքը լեգիտիմ է


Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Սայմոն Ֆրեյզերն այսօր Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան ճանաչում է հայաստանյան ընտրությունների արդյունքները:

Ֆրեյզերը, ով Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է, մասնավորապես, ասաց․ - «Միջազգային դիտորդների կողմից կազմված զեկույցը հիմնականում դրական էր: Թեեւ որոշ խնդիրների մասին բարձրաձայնել են զեկույցներում եւ մեկնաբանություններ են եղել: Սակայն մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքները , եւ մենք հավատում ենք որ թեեւ, որ գործընթացը կատարյալ չէր, այնուամենայնիվ արդյունքը լեգիտիմ է»:

Բրիտանիայի փոխարտգործնախարարն արդեն հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բրիտանացի դիվանագետը նշեց, որ հայաստանյան պաշտոնյաների հետ իր հանդիպումներում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Հայաստան-ԵՄ զարգացումներն ու տարածաշրջանային որոշ հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային գործընթացին՝ Ֆրեյզերը նշեց, որ Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. - «Ես իհարկե գիտակցում եմ, որ դիվանագիտական ընթացքը բավականին երկարել է: Ես անձնական գնահատականներ չեմ տա այս գործընթացի առաջխաղացման վերաբերյալ, այդուամենայնիվ, պետք է ասեմ, որ շատ կարեւոր է աջակցել գործընթացին, որպեսզի հասնենք բանակցային ճանապարհով հաստատված լուծմանը, որ կհիմնվի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա», - ասաց Սայմոն Ֆրեյզերն ու հավելեց․ - «Ինչ վերաբերում է քաղաքացիական ավիացիային եւ Ստեփանակերտի օդանավակայանի հարցին, ապա ես չեմ ուզում մանրամասն մենաբանություններ տալ այս հարցով: Միայն կասեմ, որ կողմերը պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են բերել անկանխատեսելի արդյունքների: Այդ իսկ պատճառով հարկավոր է պահպանել առավելագույն թափանցիկություն ցանկացած գործողությունում»:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարարը նաեւ նշեց, որ իր երկիրը խրախուսում է Հայաստանի` ԵՄ-ին մոտենալու ջանքերը: Միեւնույն ժամանակ բրիտանացի պաշտոնյան կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունն ու Եվրամիության հետ բանակցությունների սեղանին դրված խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը միմյանց չեն հակասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG