Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հիասթափություն թույլ չեմ տալու»


Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր առավոտից հետընտրական հանդիպումներ անցկացրեց Տավուշի մարզում։

Հովհաննիսյանը նախ այցելել է Դիլիջան, այնուհետեւ` մարզկենտրոն Իջեւան։

Հիշեցնենք, որ ընտրությունների պաշտոնական տվյալներով, Իջեւանում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին։

Մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը ոստիկանությունը Իջեւանում բարձրախոսով հայտարարում էր, որ հավաքը անօրինական է եւ մասնակիցները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Րաֆֆի Հովհաննիսյանը անմիջապես կապվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ինչից հետո տեղի ունեցավ նրա հավաքը։

Ողջունելով հավաքվածներին` Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հաղթանակի համար եւ ասաց. - «Հանդարտ, սահուն ու սահմանադրական գնում ենք դեպի մեր նպատակը»:

«Գործող նախագահը պետք է ինքնաբացարկ տա մինչեւ ապրիլի 9-ը: Ինքը պիտի գա Ազատության հրապարակ եւ ինքնաբացարկ կա», - հայտարարեց Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է գնահատում իր գլխավորությամբ սահմանադրական բարեփոխումների հանձնախումբ ստեղծելու` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկը, Րաֆֆի Հովհաննիսյանն արձագաքնեց. - «Իմ զրուցակիցը, եթե նա ցանկանա, պարոն Սարգսյանն է` դե ֆակտո նախագահը, գործող նախագահը մինչեւ ապրիլի 9-ը: Եթե ինքը ասելիք ունի, թող գա հրապարակ, կամ ես գնամ ժողովրդին պատկանող այն գրասենյակը, որտեղ ինքը նստում է մինչեւ ապրիլի 9-ը: Դրանից այն կողմ իմ միակ զրուցակիցը Հայաստանի ժողովուրդն է»:

«Եթե Սերժ Սարգսյանը ինձ ասելիք ունի, ժողովրդի հաղթանակը պատրաստ է ճանաչել, համազգային այս պահանջը պատրաստ է հարգել, տագնապի լուծում առաջարկել, ես կլսեմ: Բոլորին: Իմ հաղորդակցության ուղիները բաց են բոլորի առջեւ, այդ թվում նաեւ իր: Դրա համար ես կսպասեմ: Պատասխանատվություն եմ կրում եւ հիասթափություն թույլ չեմ տալու ժողովրդի մոտ», - հավելեց նա:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ իր հանդիպմանը` «Ժառանգության» առաջնորդն ասաց. - «Ես այդ հանդիպման ժամանակ պարզապես ասացի` ով պատրաստ է ընդունել ժողովրդի հաղթանակը եւ ենթարկվել օրենքին, վերանայել սեփական հետագիծը, ինքը տեղ ունեի այս ընդհանուր շարժման մեջ, որոշումը Ձերն է»:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ Ծառուկյանի կանգնի հարթակում` իր կողքին, Հովհաննիսյանն արձագանքեց. - «Դա իրեն պիտի հարցնենք: Ոչ մեկը թող հարթակում չկանգնի, բայց ով ասում է, որ միշտ ժողովրդի կողքին է, հիմա ժամանակը եկել է: Տեսնենք` ով է ժողովրդի կողքին»:

Սահմանադրական դատարանից, նախագահի նախկին թեկնածուն ակնկալում է «ինքնամաքրում, Սահմանադրության իրացում եւ ժողովրդի հաղթանակի գրանցում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կեղծ արդյունքների մերժում»:

Մամուլում այսօր տեղեկատվություն է եղել, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանի` հանդիպման առաջարկը: Այս կապակցությամբ վերջինս ասաց. - «Երեկ ես ասացի, որ եթե առաջին նախագահը ցանկանում է, ես պատրաստ եմ հանդիպման… Եթե ինքը ցանկանա, ես պատրաստ եմ ինչպես բոլորի հետ նույն օրակարգը քննարկելու համար` առանց հետին նպատակների, առանց դավային տեսությունների»:
XS
SM
MD
LG