Մատչելիության հղումներ

Ռուբեն Հախվերդյանը քննադատում է գործող նախագահին


Ռուբեն Հախվերդյան, արխիվ
Ռուբեն Հախվերդյան, արխիվ
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարցերը հիմնականում ոչ թե սպասվող համերգի մասին էին, այլ ներքաղաքական իրավիճակի եւ նրա հայացքների: Երգիչն էլ զարմացած էր` «իր պես փոքր մարդու կարծիքն այնքան կարեւոր է փաստորեն», որ ասուլիսի դահլիճը լիքն էր լրագրողներով:

Հախվերդյանը հայտարարեց, որ նախագահի ընտրությունները կեղծված է համարում եւ սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Եվ հիմնականում [Սերժ Սարգսյանը] ընտրվել է այն գյուղերում, որտեղ մարդ չի ապրում. գնացել, լցրել ու լցրել են, մեռյալ հոգիների հանրապետություն է սա», - ասաց նա:

Մի քանի տասնամյակ Հայաստանի սոցիալական ու հասարակական խնդիրների մասին երգող Հախվերդյանն ասում է, որ հիմա երկրի վիճակը լուրջ է, քան երբեւէ, ժողովրդի դժգոհությունն էլ բնական է:

«Ընտրվել է Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց պրեզիդենտը Սերժ Սարգսյանն է, մի՞թե դա բավական չէ, որպեսզի ցույցեր արվեն», - ասաց նա:

Հայաստանի երեք նախագահներից ամենաշատը Ռուբեն Հախվերդյանը քննադատում է Սերժ Սարգսյանին: Օրերս Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներից մեկի ժամանակ հայտնի երգիչը Սերժ Սարգսյանին մասին ասել էր, թե «նորմալ չէ, որ ադրբեջանական գավառներից եկած մեկը մեզ ղեկավարում է»: Հայտարարությունը թեժ քննարկման առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Այս հայտարարությունը երգիչը բացատրեց ու մանրամասնեց նաեւ ասուլիս ժամանակ:

«Նա ուղղակի սովետական կլիշեներով շարժվող մարդ է: Հատկապես նրա գալուց հետո քաղաքային մշակույթը գորշացավ, սարսափելի գորշացավ: Մարդիկ կային, որոնք կոչումներ ստացան, որ կապ չունեն այդ կոչումների հետ, ռեկտորներ առաջ եկան, որոնք, օրինակ, Մազմանյան Արմենը, որ որեւէ հայտնի ներկայացուցիչ չէ, դարձավ Թատերական ինստիտուտի ռեկտորը... Ես տեսնում եմ անկումային տրամադրություններ, ես տեսնում եմ գլոբալ արտագաղթ եւ ամենասարսափելին` ներքին արտագաղթ կա երիտասարդների մեջ, որովհետեւ նրանք ասում են, որ էս երկիրը ապրելու երկիր չէ», - ասաց նա:

Հախվերդյանը վստահ է, որ պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններում «ջախջախիչ հաղթանակ է տարել»: Նա նաեւ պարզաբանեց, թե ինչու է աջակցում հենց Հովհաննիսյանին:

«Մոռանում եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ եւ առաջ մի քանի լեզու իմացող, լայնախոհ, կրթված մարդ է, ոչ թե գավառամիտ. Րաֆֆիի ու Սերժի տարբերությունը հենց դրա մեջ եմ դնում: Եվ ամենակարեւորը` կեղտոտված չէ, գործարքների մեջ չի մտել օլիգարխների հետ: Մեր քաղաքական վայ գործիչներից մեկը ասաց` փորձված թանը ավելի լավ է, քան անփորձ մածունը: Վերջին փորձած թանը Սերժ Սարգսյանն է եղել: Եթե այդ թանից, այսինքն մեր իրավիճակից գարշահոտություն է գալիս, ձեռդ չգցե՞ս տնական, անարատ մածունի: Դա ի՞նչ է մեղք է», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG