Մատչելիության հղումներ

ԱԺ արտահերթ օրակարգի շուրջ բանակցությունները շարունակվում են


Հանրապետական կուսակցության, «Ժառանգության» եւ ՀՅԴ–ի բանակցությունները Ազգային ժողովի արտահերթ օրակարգ ձեւավորելու շուրջ շարունակվում են, համաձայնություն դեռեւս ձեռք չի բերվել։

Ընդդիմությունը օրակարգ է ներկայացրել, որը երեք հիմնական կետ է ներառում` մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովի նոր ընտրություններ, երկու տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներ` խորհրդարանական կառավարման ձեւի անցնելու համար, եւ ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տրամադրելը։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, որ այն, ինչ այժմ քննարկվում է Ազգային ժողովում, չի ներկայացնում իր անձնական տեսակետը։

Այս հայտարարությունը «Ժառանգության» գործընկեր Դաշնակցության համար «մեղմ ասած՝ տարօրինակ է»։

«Չի կարող ֆրակցիան չներկայացնել իր կուսակցությանը Ազգային ժողովում, գործել իրարից անկապ, անկախ եւ անհասկանալի տրամաբանությամբ», – Ազգային ժողովում այսօր կայացած ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Հանրապետականի կարծիքը Գալուստ Սահակյանը ձեւակերպեց. – «Կարծում եմ, որ անհեթեթ հայտարարություն է։ Դեռ օրակարգը պիտի լինի, որ արտահայտի իր կարծիքը»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, եթե Հանրապետականին ներկայացրած իրենց առաջարկները չեն արտահայտում Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը, ինչո՞ւ են այդ դեպքում քննարկումներ նախաձեռնել, ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մեկնաբանեց. – «Ի գիտություն ասվել է Րաֆֆի Հովհաննիսյանին։ Շատ նորմալ է։ Այլ հարց է, որ այս խորհրդարանում եթե կարողանանք ճիշտ լուծումներ գտնել, դա կարող է նպաստել հետագայում Րաֆֆի Հովհաննիսյան Սերժ Սարգսյան բանակցություններին»։

Արմեն Ռուստամյանն այսօր ասաց՝ բանակցությունները կարող են նաեւ կոմպրոմիս ենթադրել, բայց խոսքը պաշտոններին չի կարող վերաբերել, կարծում է «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը։ Պատգամավորի խոսքով՝ «պաշտոններ առաջարկելով իշխանությունը քաղաքական ուժերին փորձում է հանցակից դարձնել ժողովրդի քվեն գողանալու գործընթացին»։

Ռուբիկ Հակոբյանն էլ ցավով նկատեց, թե իշխանությունը չի հասկանում, որ խոսքը մեկ–երկու պորտֆելների մասին չէ, այլ համակարգային փոփոխությունների։

«Ժառանգության» ներկայացուցիչները այսօր նաեւ պարզաբանեցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչու չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։

«Պահանջելու հարց չկա, որովհետեւ արդեն ժողովուրդը պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ ստացել է, եւ ուղղակի պետք է դա դե յուրե իրավական դաշտում ձեւակերպվի», – պարզաբանեց Ռուբիկ Հակոբյանը։
XS
SM
MD
LG