Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետ. Վանաձորի քաղաքապետը հրաժարական չի ներկայացրել


Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել:

Մարզպետն ասաց, որ իր կուսակցի` ՀՀԿ-ի անդամ Դարբինյանի հարցը առաջիկայում քննարկելու է իշխող կուսակցության գործադիր մարմինը:

Դարբինյանի հարցի քննարկման պատճառներին վերաբերող հարցին մարզպետը պատասխանեց. - «Պետք է անկեղծ լինել եւ ասել, որ մեր հանրապետությունում շատ դեպքերում ընտրության մասնակցողը Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուին դեմ է ընտրում ոչ թե նախագահի վատ աշխատանքը տեսնելով, այլ շատ դեպքերում իր անմիջական ղեկավարից դժգոհ լինելով: Սա է պատճառը, որ մենք մեզ համար պետք է հասկանալի դարձնենք Վանաձորի պարտության պատճառները: Չի բացառվում, որ ինչ-որ մեկը դժգոհ է քաղաքապետի աշխատանքից»:

Լոռու մարզում, հիշեցնենք, թեեւ Սերժ Սարգսյանը ստացել էր մյուս թեկնածուներից ավելի ձայներ, այդուհանդերձ, երկու խոշոր համայնքներում` Վանաձորում եւ Սպիտակում հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս կապակցությամբ Նալբանդյանն ասաց. - «Ես չեմ թաքցնում, որ Վանաձորում մեծ է արտագաղթը, մեծ է աղքատության տոկոսը: Սոցիալական ծանր վիճակը խոսեց այս պարագայում, եւ բնակչությունն իր ընտրությունը կատարեց: Ինչ-որ տեղ նաեւ Սպիտակում կային նմանատիպ խնդիրներ»:

Արթուր Նալբանդյանը Սերժ Սարգսյանի պարտությունը մարզի երկու խոշոր համայնքներում բնական է համարում` նշելով որ մարդիկ քվեարկության միջոցով արտահայտել են իրենց դժգոհությունը:

«Ուղղակի յուրաքանչյուր պարտությունից հետո յուրաքանչյուր պաշտոնյա պետք է սթափվի, պետք է հետեւություն անի, թե ինչ նոր քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի դժգոհությունը ինչ-որ չափով թուլացնենք», - հայտարարեց Արթուր Նալբանդյանը:
XS
SM
MD
LG