Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Լոռու մարզում 210 նախընտրական շտաբ ունի


Լոռու մարզի 113 համայնքներում գործում են երկրի նախագահ եւ իշխող կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի 210 նախընտրական շտաբեր:

Միայն մարզկենտրոն Վանաձորում թեկնածուն ունի 55 նախընտրական շտաբ:

Արթուր Նալբանդյանը, ով մարզպետի պաշտոնը համատեղում է Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարի պարտականությունների հետ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ շտաբերում աշխատում են հիմնականում կամավորներ:

Մարզպետն այժմ արձակուրդում է եւ անձամբ է ղեկավարում մարզում Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչությունը. - «Ես ինքս փորձում եմ հանդիպել ընտրողների հետ եւ ներկայացնել մեր թեկնածուի ծրագրերն ամբողջությամբ»:

Նալբանդյանն ասաց, որ մարդիկ զանազան խնդիներով դիմում են շտաբեր. լինում են հարցեր, խնդրանքներ, առաջարկություններ:

«Մենք պետք է հասկանանք, որ քարոզչության այս ընթացքում, բնականաբար, մենք ոչ բոլոր հարցերին ենք կարողանում լուծում տալ, մենք ոչ բոլոր հարցերին ենք դրական պատասխանում: Իհարկե, լինում են խնդիրներ, բարձրացված հարցեր, որոնք մենք անմիջապես մերժում ենք, որովհետեւ այս պահի դրությամբ կա'մ չունենք լուծման հնարավորությունը, կա'մ օրենքն ընդհանրապես թույլ չի տալիս», - ասաց մարզպետը` հատուկ շեշտելով, որ մերժվում են սոցիալական օգնության ակնկալիքով բոլոր դիմումները, քանի որ քարոզարշավի ընթացքում «դրանք կարող են այլ կերպ դիտվել»:

Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Վանաձորի շարժական շտաբի ղեկավար Նարինե Ծատուրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Շարժական շտաբը մեր խմբի հետ, կամավորների Լոռու մարզի տարբեր գյուղեր է այցելում, բուկլետներ բաժանում: Նույնն արվում է նաեւ Վանաձորում»:

Նախագահի թեկնածուներից մարզում շարժական շտաբ ունի նաեւ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Շտաբի ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ շտաբը շարժական է, քանի որ տարածք վարձակալելու իրենց ջանքերը արդյունք չեն տվել. - «Բոլոր ջանքերը անհաջողության մատնվեցին, որովհետեւ նույնիսկ այն տարածքները, որոնք մենք տեղյակ էինք, որ վարձով են տրվում, չհաջողվեց վարձել»:

Նախագահի մյուս թեկնածուները Լոռու մարզում նախընտրական շտաբեր չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG