Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ստացել է ընտրակաշառքին առնչվող 37 հաղորդում


Երեկ տեղի ունեցած Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում Ոստիկանությունը ստացել է 104 հաղորդում հանցագործության մասին, որից 37-ը վերաբերել է ընտրությունների ընթացքում կաշառք ստանալու կամ կաշառք տալու դեպքերին։

Ոստիկանությունը հայտարարել է, որ քննություն է ընթանում ընտրակաշառքին առնչվող մի շարք ահազանգերի կապակցությամբ։

Իսկ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբերում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգերի անհիմն լինելը Ոստիկանությունն այսօր փորձեց հիմնավորել տեսանյութերի միջոցով: Այդ տեսանյութերում պատկերված է, մի դեպքում՝ օրինակ, Օշականում 5000 դրամ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Հայաստանի 70-ամյա քաղաքացու հրապարակային հարցաքննությունը:

Ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը, որպես ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները հերքող ապացույց, վկայակոչեց այդ եւ նմանատիպ մի շարք այլ օրինակներ:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը ընտրակաշառքների ահազանգերի վերաբերյալ Ոստիկանության գործելակերպը գնահատում է որպես փորձ՝ «խեղդել այն միտքը, որ կաշառք ընդհանրապես տրվում է տարբեր ձեւերով»։

«Ամենապոպուլյար ձեւը դա վախեցնելն է, եւ հետո մարդիկ հրաժարվում են իրենց ասածներից», - ասում է Դանիելյանը ու հավելում․ - «Ոստիկանությունը պիտի քոքից կտրի դա, պիտի փորձի գտնել որտեղից է գալիս այդ կաշառքի պատմությունը, այլ ոչ թե գնա գտնի այդ մարդուն եւ ճնշում գործադրի այդ մարդու վրա, որ ասել է, որ կաշառք ստացել եմ կամ տեսել եմ ինչպես են տալիս»։

Ոստիկանության պաշտոնյաներն այսօր հայտարարեցին, որ արձանագրվել է կրկնակի քվեարկության 2, ընտրությունները լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու՝ 4 դեպք։

Ոստիկանների ուշադրությունը երեկ գրավել էր Արտաշատում տեղակայված 17/5 ընտրատեղամասում լրագրող Արտակ Համբարձումյանի ձեռքերը բռնելու միջոցով տասնյակ անձանց մասնակցությամբ լցոնում կատարելու ահազանգը: Բարձրաստիճան ոստիկաններն ասացին, թե տարածքային ստորաբաժանումը ճշտում է միջադեպի հանգամանքները։
XS
SM
MD
LG