Մատչելիության հղումներ

Հայրիկյանի ինքնազգացողությունը վատթարացել է


Հայրիկյանը կվերանայի ՍԴ չդիմելու իր որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00

Հայրիկյանը կվերանայի ՍԴ չդիմելու իր որոշումը

Չի բացառվում, որ թեկնածուն կվերանայի Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը։

Հինգշաբթի առավոտյան նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբի պատասխանատուներից Կարո Եղնուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ թեկնածուի ինքնազգացողությունը վատթարացել է։

Ավելի ուշ ինքը թեկնածուն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց. - «Չեմ սիրում առողջության մասին խոսել: Գիշերը պարզապես շատ վատացա, բայց վերքի հետ կապված չէ: Բժիշկները, որ կարծում էին, որ ես արդեն երեկ կարող էի դուրս գրվել, քանի որ լավ հաղթահարել էի հիմնական հարվածը, այսօր արդեն ուրիշ բան էին պահանջում` որ երկու օր բոլորովին դուրս չգամ»:

Հարցին, թե հնարավոր է վերանայի Սահմանադրական դատարան չդիմելու իր որոշումը, Հայրիկյանն արձագանքեց. - «Սահմանադրական դատարան չդիմելու որոշման պահին ասված էր, որ մենք այժմ, «այժմ»-ը հատուկ շեշտված էր, կարծում ենք, որ այդ անհաղթահարելի խոչընդոտները կարող ենք հաղթահարել այլ կերպ` ավելի ներգործուն աշխատելով, լսելով նաեւ մեր գործընկերների կարծիքը: Բայց այս երկու օրվա ընթացքում ահագին բան փոխվեց. մենք այլեւս քարոզարշավով զբաղվել ի վիճակի չենք: Ոչ միայն իմ ֆիզիկական կեցության պատճառով, այլեւ այն պատճառով, որ իմ բոլոր մարդիկ ստիպված են հերքել, որ ես ինքս չեմ սարքել այս դերակատարությունը: Ես հո չե՞մ զբաղվելու նրանով, որ ասեմ, որ կրծքին արձակված կրակոցը մահացու է… Ցավոք սրտի, սա մեզ շեղում է, եւ ոչ միայն շեղում է, այլեւ իջեցնում մեր վարկանիշը»:

Հայրիկյանը շարունակեց արդեն փոքր-ինչ վրդովված. - «Ցավոք սրտի, մեր գործընկերներից մեկն էլ թույլ տվեց իրեն [հայտարարել]` դեռ պիտի ճշտենք ինչ մահափորձ է… Չի կարելի նույնիսկ նվազագույն շեղում թույլ տալ այն մոտեցումից, որ թեկնածուի նկատմամբ որեւէ բռնարարք անթույլատրելի է: Անհավասար մրցակցություն է, եւ այդ մրցակցությունից չեմ ուզում ասել, որ հատուկ օգտվում են: Պարզապես մեր ընթացքը, որը շատ ակնհայտ էր` 0 տոկոս, 1.5 տոկոս, 3 տոկոս, 5 տոկոս, 7 տոկոս, վերջում 12 տոկոս ու կանգնեց: Իրենք չգիտեմ ինչ թվեր կներկայացնեն, բայց այն, որ աճը իրենք էլ են գրանցել, դա ակնհայտ է: Հիմա հակառակն է տեղի ունենում` ձախողվեց մեր քարոզարշավի ողջ ժամանակացույցը»:

«Մի բան ես պիտի կրկին հավաստիացնեմ բոլորին», - ասաց նախագահի թեկնածուն. - «Քանի որ այս մահափորձն ուղղված էր ոչ միայն իմ դեմ, [այլ] իմ դեմ` որպես արժեքային համակարգի ներկայացուցիչ, ուրեմն ես բացառում եմ կտրականապես` նոր ընտրություններ իմ միջոցով որեւէ մեկը չի ստեղծվի: Եթե այսպես շարունակվի, շարունակվեն հարվածները իմ վարկանիշին, նաեւ անհավասար պայմաններ ստեղծեն, թերեւս մտածեմ երկու շաբաթով ավելացնելու մասին»:

Նա ասաց, թե վերջնական որոշումը կայացնելու համար դեռ ժամանակ ունի. - «Դեռ ես երկու օր, երեք օր ունեմ հաստատ: Այսպիսի նրբություն կա. օրենքն ասում է` Սահմանադրական դատարանը պիտի չորս օր ժամանակ ունենա դիմումը քննարկելու: Դրանից ենթադրելով` ընտրություններից հինգ օր առաջ էլ եթե դիմես, դա բավարար է: Բայց ուրիշ նրբերանգներ էլ կան: Փաստաբանս այսօր վկայակոչում էր, որ դա ամսի տասից հետո անել չարժե»:

«Ես ուղղակի բարձրաձայնեցի իմ մտորումները, որ պատահական չէր, որ իմ ընկերները, գործընկերները այն օրը ասում էին այժմ մենք չենք դիմելու Սահմանադրական դատարան: Այդ այժմը ենթադրում էր երկու օր առաջ, երեկ, այսօր, գուցե վաղը: Բայց այդ այժմը ենթադրում է, որ այժմը վերջացավ: Դուք ձեզ լավ չեք պահում, սիրելի գործընկերներ: Դուք օգտվում եք առիթից, որ ես անկողնուն եմ գամված, դա ազնիվ չէ», - ամփոփեց Հայրիկյանը եւ ավելացրեց. - «Սպասում եմ նաեւ տեսնեմ` իրավապահ մարմիններն իրենց պարտականությունները կկատարեն, թե ես պիտի երեք ճակատով աշխատեմ: Ես ստիպված եմ հայ քաղաքացուն ասել, որ, գիտես, կրծքին կրակելը մահացու կրակոց է: Այսօր Դավիթ Շահնազարյանն ասաց` Պարույր, դու մեծ մեղք ես գործել, եղբայր` դու չես մեռել, պիտի մեռած լինեիր, իսկ դա աններելի մեղք է»:

Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած մահափորձի հետեւանքով վիրավորված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը անցած երեքշաբթի օրը հայտարարել էր, որ չի օգտվի իրեն վերապահված իրավունքից եւ չի դիմի Սահմանադրական դատարան` փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները հետաձգելու պահանջով։
XS
SM
MD
LG