Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կարող է վերածվել կուսակցության


Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան
Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան
«Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի եւ անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության», - «Չորրորդ ինքիշխանություն» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Հայաստանի առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` դրա գլխավոր պատճառ համարելով առաջիկա տարիների քաղաքական զարգացումների միտումները:

Նոր կուսակցությունը, Տեր-Պետրոսյանի խոսքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը: Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրերին, ապա դրանք, ըստ էության, չեն տարբերվելու ՀԱԿ-ի ծրագրից` այն է` «ավազակապետության կազմաքանդում եւ սահմանադրական կարգի վերականգնում»:

Արձագանքելով այս հայտարարությանը` Կոնգրեսի առանցքային կուսակցություններից մեկի` Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «ՀԺԿ-ի օրակարգում նման հարց չկա»:

Հարցազրույցում Տեր-Պետրոսյանը նաեւ տեղեկացրել էր, որ ընդդիմադիր դաշինքին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այս գաղափարի իրականացման շուրջ քննարկումներն արդեն ընթանում են:

ՀԱԿ-ից դժգոհ, բայց կառույցից չհեռացած ուժերը նոր կուսակցության ստեղծման մասին տեղեկացել են այսօրվա հարցազրույցից:

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց իրենց անդամակցությունը ստեղծվելիք կուսակցությանը:

ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարին բացասաբար արձագանքեց նաեւ Քրիստոնեաժողովրդական կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գիմիշյանն ասաց, թե հույս ուներ, որ ՀԱԿ-ում առողջացման գործընթաց կսկսվի, բայց եղավ հակառակը. - «ՀՀՇ-ն իր անունը փոխում է… Փաստացի քաղաքական ուղղվածությունը ես հասկանում եմ որն է` շարունակել համագործակցությունը «Բարգավաճ»-ի եւ Դաշնակցության հետ: Դա ինձ համար անընդունելի ճանապարհ է: Այս վերջին երկու տարին ապացուցեց, որ դա հեռանկար չունեցող ճանապարհ է: Հիմա փոխանակ ընդունեն սխալը, որ արդյունքում մենք ունենք այն, որ թեկնածու չենք առաջադրում, իրենք ուզում են շարունակել այդ ուղին»:

Տեր-Պետրոսյանի առաջարկած գաղափարը չի մեկնաբանում Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը:

Մանուկ Գասպարյանի հիմնադրած «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց կուսակցությունում նոր ծրագրերին տեղյակ չէին:

«Կուսակցություն ստեղծելու գաղափարը ես չեմ տեսնում, որովհետեւ տարբեր գաղափարախոսություններով համեմված մարդիկ հնարավոր չէ, որ մի կաթսայի մեջ եփվեն», - ասաց Գրիգորյանը` հավելելով այդուհանդերձ, որ կուսակցության ներսում կքննարկեն հարցը:

Գաղափարին կողմ է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, թե «գոյություն ունեցող ձեւաչափը, կարծես թե, արդյունավետ չէր գործում»:

Ջհանգիրյանը սակայն համամիտ չէ, թե ՀԱԿ-ը կորցրել է երբեմնի ազդեցությունը եւ այժմ այն վերականգնելու փորձեր է անում. - «Այդ խնդիրը չէ, որ ուզում ենք լուծել: Ուղղակի ժամանակի ընթացքում երեւի թե շատ անձանց, ինչ-որ նաեւ ուժերի սպասելիքները չարդարացան: Գուցե ավելի կարճաժամկետ ծրագրեր ունեին, հավակնություններ ունեին: Այսպիսի ժողովրդական ասացված կա` գործը որ հնանում է, տերը շնանում է: Եվ կարծում եմ, որ, ժամանակի այս ընթացքին համահունչ, մեր կազմակերպչական ձեւը պետք է ավելի կատարելագործվի»:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն առայժ տեսակետ չի հայտնում, թե ավանդական այս կուսակցությունն ինչ դիրքորոշում կորդեգրի:

Այս պահին հաստատակամ է միայն Հայոց համազգային շարժումը: Դրա ղեկավար Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իրենք պետք է «համարժեք պատասխան տան հետընտրական նոր իրավիճակին»:

Ընդդիմադիր դաշինքի հնարավոր ձեւափոխումը կուսակցության իշխող քաղաքական ուժի ղեկավար ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց այսպես. - «Փաստը այն է, որ այսօր ՀԱԿ-ը չունի այն ազդեցությունը, որ ունեցել է տարիներ շարունակ, եւ դրա մասին խոսում է նաեւ առաջին նախագահը: Հարցազրույցում ասել է, որ հնարավորություն կա` ՀԱԿ-ը վերածելով կուսակցության, դառնալ ամենաառաջադեմ կուսակցություններից մեկը: Այսինքն, ինքը դրանով ընդունում է, որ ՀԱԿ-ն այսօր առաջադեմ ուժ չէ, եւ իրենք ուզում են փրկել ՀԱԿ-ը եւ դարձնել առաջադեմ կուսակցություն»:

Հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ եթե իրեն վստահեն, «թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը», ապա դա մեծ պատիվ կհամարի եւ ամենայն պատասխանատվությամբ կկատարի իր պարտականությունները:
XS
SM
MD
LG