Մատչելիության հղումներ

Սարգսյան․ Հանցագործության նպատակն էր «խափանել ընտրությունների բնականոն ընթացքը»


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը (աջից) այցելում է մահափորձի հետեւանքով վիրավորված Պարույր Հայրիյանին, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ․
Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը (աջից) այցելում է մահափորձի հետեւանքով վիրավորված Պարույր Հայրիյանին, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մասիս քաղաքում համակիրների հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը չի խափանի ընտրությունների բնականոն ընթացքը։

«Պետք է խոստովանեմ, որ հաճելի է տեսնել, թե ինչպես է մեր մի գործընկերը՝ Պարույր Հայրիկյանը, արագ ապաքինվում, չնայած այն զազրելի հանցագործությանը, որ ուղղված էր ոչ միայն Պարույր Հայրիկյանի, այլ նաեւ մեր պետականության դեմ, ուղղված էր մեր առաջընթացի դեմ», - ասել է Հայաստանի նախագահ, փետրվարի 18-ին անցկացվելիք ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, - «Մեզանից յուրաքանչյուրը սա պետք է հասկանա եւ իր գործը ավելի լավ կատարի, եւ մենք պետք է շարունակենք անխափան, հստակ աշխատանք, որովհետեւ այդ հանցագործության նպատակը հենց կայանում է նրանում, որ պետք է խափաներ մեր ընտրությունների բնականոն ընթացքը, բայց ես վստահ եմ, որ մենք ձեզ հետ միասին, մեր թիմի հետ միասին, մեր համաքաղաքացիների հետ միասին դա թույլ չենք տա»։

Հանրապետության նախագահը հավելել է, որ ստեղծված իրավիճակում «միայն ու միայն» պետք է գործի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

«Եվ ես, որպես այդ Սահմանադրության երաշխավոր, խոստանում եմ ձեզ, որ բոլոր գործընթացները համապատասխանելու են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տառին եւ ոգուն», - հավելել է Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 31-ի գիշերը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել Երեւանի Տպագրիչների փողոցում գտնվող իր բնակարանի մոտակայքում: Մահափորձից հետո նախագահի թեկնածուն վիրահատվել էր, եւ իր իսկ հավաստիացմամբ՝ հաջողությամբ ապաքինվում է։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG