Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն խոստանում է «խստագույնս պատժել արջի ծառայություն մատուցողներին»


ՀՀԿ վերնախավը կուսակցության վերջին համագումարում, 15-ը դեկտեմբերի, 2012
ՀՀԿ վերնախավը կուսակցության վերջին համագումարում, 15-ը դեկտեմբերի, 2012
Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) առաջիկա նախագահական ընտրություններում բացառում է ընտրակաշառքի բաժանումն ու վարչական ռեսուրսների օգտագործումը:

Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ «բացառիկ ժողովրդավարական» նախագահական ընտրություններ անցկացնելն այսօր իրենց գերխնդիրներից է: Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ձեւավորված է: Շտաբի պետը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է, նա ունի հինգ տեղակալներ, որոնց թվում են Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, խորհրդարանի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Շարմազանովը փոխանցեց, որ նախընտրական շտաբն արդեն ձեւավորել է քարոզչական խմբեր, որոնք լինելու են հանրապետության բոլոր համայնքներում: Իսկ Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպելու է բոլոր խոշոր քաղաքներում ու մարզկենտրոններում:

«Մենք այսօր ունենք երկու գերխնդիր. առաջինը, որպեսզի մեր թեկնածուն ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում վերընտրվի, եւ հաջորդը` որ այս ընտրությունները լինեն բացառիկ ժողովրդավարական: Մենք այլ ճանապարհ չունենք, մենք այս ընտրություններով եւս ունենք պատմական շանս, որպեսզի այլեւս բոլոր այն մեծ եւ փոքր խնդիրները կամ անօրինականությունները, որոնք լինում էին ընտրական պրոցեսների ընթացքում, բացառենք: Կա խիստ հանձնարարական բոլոր շտաբերին, բոլոր կուսակցական կառույցներին, որ արջի ծառայություններ մատուցողները խստագույնս պատժվելու են: Որեւէ օրինախախտում մեզ համար անթույլատրելի է լինելու», - հայտարարեց Շարմազանովը:

Հարցին, թե փաստորեն ՀՀԿ-ն այս ընտրություններում վարչական ռեսուրսները չի օգտագործելո՞ւ եւ ընտրակաշառք չի բաժանելո՞ւ, ՀՀԿ խոսնակը հակադարձեց. - «Հանրապետականն այն ժամանակ էլ ընտրակաշառք չի բաժանել: Ես խոսում եմ փաստերով. այո, ընտրակաշառքի մասին հաղորդումներ լրատվամիջոցներով եղան, բայց քրեական գործերի հարուցումները ցույց տվեցին, որ դրանք Հանրապետականի հետ կապ չունեին: 2012-ին Հանրապետականը կարողացավ ապացուցել, որ իրականացրել է լավագույն խորհրդարանական ընտրությունները»:

Շարմազանովը «զավեշտալի» որակեց այն մեկնաբանությունները, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ այս մրցակիցների պարագայում չի կարող առանց վարչական ռեսուրսների օգտագործման ու խախտումների հավակնել ընտրողների ձայների մեծամասնությանը, քանի որ հինգ տարվա իր գործունեության ընթացքում անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ընտրազանգվածի աջակցությունը վայելելու համար:

Առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը` «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պահանջելով անվավեր ճանաչել իշխող կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը եւ նրան հանել ընտրապայքարից: Ղուկասյանը հայտարարել է, որ մինչեւ քարոզարշավի սկիզբը` հունվարի 21-ը, իր պահանջը չկատարելու դեպքում անժամկետ հացադուլ է հայտարարելու: Թեկնածուն իր պահանջը հիմնավորում է նրանով, որ ընտրություններին Սերժ Սարգսյանի մասնակցությունը հանրությանը զրկում է ազատ ընտրություն կատարելու իրավունքից:

Շարմազանովը ճիշտ չի համարում «վերջնագրերի լեզվով խոսելը»:

«Քաղաքացու իրավունքն է դիմել հացադուլի, չդիմել հացադուլի, օրենքի սահմաններում պայքարել եւ ներկայացնել իր կարծիքը: Բայց խոսել վերջնագրերով, կարծում եմ, ողջունելի չէ»,- ասաց նա:

Մինչ Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է քարոզարշավի մեկնարկը հացադուլով ազդարարել, մյուս թեկնածուները քարոզչության այլ մեթոդներ են որդեգրել:

Նախկին վարչապետ, ընդդիմադիր Կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը ձեւավորված է: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Բագրատյանի շտաբի պատասխանատուներից Համբարձում Համբարձումյանը, ծրագրում են շուրջ չորս տասնյակ ենթաշտաբեր բացել հանրապետության տարբեր շրջաններում, եթե ռեսուրսները թույլ տան: Ընդդիմադիր թեկնածուն օգտվելու է եւ վճարովի, եւ անվճար եթերաժամերից, ակտիվորեն հանդիպելու է տարբեր համայնքների ընտրողների հետ: Հարցին, թե կբավարարե՞ն իրենց ռեսուրսները Կոնգրեսից անջատ քարոզչություն իրականացնելու համար` հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը չի հայտարարել Բագրատյանին սատարելու մասին, Համբարձումյանն պատասխանեց. - «Պաշտոնական աջակցության մասին, բնականաբար, չի եղել հայտարարություն, բայց մարդիկ ու համակիրներն այդ աջակցությունը հայտնում են»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է ակտիվորեն հանդիպելու ընտրողների հետ բոլոր մարզերում: Ինչպես հայտնի է, Հովհաննիսյանի քարոզարշավի համար դրամահավաք-հանգանակություն է իրականացվում: Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը փոխանցեց, որ հանգանակված գումարը արդեն բավարար է հիմնական ծախսերի համար:

Նախագահի հաջորդ թեկնածուն` Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանն էլ չի դադարեցրել հասարակության շրջանում դրամահավաքի անցկացումը: Նա նախատեսում է եւ ընտրողների հետ հանդիպումներ, եւ հանրահավաք:

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը փոխանցեց, որ «շատ քիչ գումար է ծախսելու» քարոզարշավի համար: Առավելապես եթերով է քարոզարշավ անցկացնելու, ընտրողների հետ հանդիպումներ ծրագրել է քարոզչության վերջին օրերին: «Ընտրարշավից հետո, մինչ քվեարկությունը ինքնաբացարկ հայտնելու մտադրությունը դեռ ուժի մե՞ջ է» հարցին թեկնածուն պատասխանեց. - «Չեմ բացառում, բայց քարոզարշավի ընթացքը ցույց կտա, որովհետեւ կարող է խնդիր առաջանալ, որ հենց պետք է մնալ, հասկանո՞ւմ եք»:

Որպես էպոսագետ ներկայացող թեկնածու Վարդան Սեդրակյանը հանրահավաքներ չի անցկացնելու, ակտիվ ընտրապայքար չի մղելու, մարզեր այցելելու է, բայց ոչ թե ընտրողներին, այլ իր թիմակիցներին հանդիպելու նպատակով: Նա ընտրություններին մասնակցում է «Վերեւում Աստված կա» կարգախոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG