Մատչելիության հղումներ

Նոր Եվրոպական հարեւանության քաղաքականության փաթեթը կհաստատվի մարտին


Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե, արխիվ
Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե, արխիվ

2012-ը փորձություններով լի տարի էր Եվրոպական հարեւանության համար, ասում է Եվրամիության հանձնակատարը։

2013-ի նոր Եվրոպական հարեւանության քաղաքականության փաթեթը կհաստատվի մարտի 20-ին: Այդ մասին հայտնել է Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երկուշաբթի օրը Բրյուսելում հարեւանության երկրներում ԵՄ-ի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Նոր փաթեթը կներառի զեկույց, որը չափելու է հարեւանության երկրներում իրականացվող բարեփոխումների առաջընթացը:

Բարեփոխումների առաջընթացն արձանագրող զեկույցները պետք է հստակ հիմնված լինեն հենց այն հարցերի վրա, որոնք Եվրամիությունը տվյալ երկրում դիտարկում է որպես ժողովրդավարական բարեփոխում:

Շտեֆան Ֆյուլեի խոսքով` նախորդ տարվա զեկույցները փաստում էին, որ առաջընթաց կա ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում, բայց աշխատանք պետք է տարվի օրենքի գերակայության եւ քաղաքացիական հասարակության ոլորտները բարելավելու համար:

Հարեւանության երկրների համար «Ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը պահպանվելու է առաջընթացի չափման եւ երեք կարեւոր առաջարկների տեսքով` գումար, շուկայական մատչելիություն եւ ազատ տեղաշարժ:

Հանձնակատարը նշել է, որ 2012-ը փորձություններով լի տարի էր Եվրոպական հարեւանության համար: «Ժողովրդավարության անցումները հարավում երկար ու բարդ են, արեւելքում` անհավասար», - ասել է Ֆյուլեն` հավելելով, որ արեւելքում դրական զարգացումներն ավելի շատ են, հատկապես` Մոլդովայում:

Չնայած Եվրոպայում թեւածող տնտեսական ճգնաժամին` Եվրամիությունը իր հարեւանների նկատմամբ տարվող քաղաքականության ընթացքը չի փոխելու:

«Ժամանակն է ռազմավարական համբերություն ցուցաբերել եւ կենտրոնանալ բարեփոխումների վրա` գործընկերների համար մեր առաջարկներն ավելի գրավիչ դարձնելու համար», - նշել է հանձնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG