Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն գրանցեց նախագահի 8 թեկնածու


Երկուշաբթի օրը գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պաշտոնապես գրանցեց նախագահի ութ թեկնածուների:

Հանրապետական կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանից բացի, հանձնաժողովն առանց որեւէ առարկության գրանցեց նաեւ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանին, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանին եւ Վարդան Սեդրակյանին, ով որպես էպոսագետ է ներկայանում:

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարում: 14-ը հունվարի, 2013թ.
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարում: 14-ը հունվարի, 2013թ.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, լրացուցիչ 48 ժամ էր տրամադրել առաջադրման փաստաթղթերը ներկայացրած այն 7 թեկնածուներին, ովքեր չէին մուծել 8 միլիոն դրամ ընտրագրավը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն առարկություն ներկայացրեց նրանց գրանցման վերաբերյալ, եւ հանձնաժողովը մեկ առ մեկ միաձայն որոշումներով մերժեց գրանցել նրանց:

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ներկայացուցիչը դրանից հետո հայտարարեց, թե ընտրագրավը «ունեցվածքային ցենզ է», որը նպատակ ունի Հայաստանի քաղաքական համակարգը թողնել «իշխող օլիգարխիայի եւ գործադիր իշխանության լիակատար հսկողության տակ», ու հեռացավ դահլիճից:

Ընտրագրավի պահանջից դժգոհեց նաեւ «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը: 8 միլիոն դրամի պահանջը գնահատելով որպես անհաղթահարելի խոչընդոտ` նա նախապես դիմում էր ներկայացրել հանձնաժողովին` պահանջելով հետաձգել նախագահական ընտրությունները երկու շաբաթով:

Թեեւ Ռոբերտ Սիմոնյանը պնդում էր, որ Սահմանադրական դատարանն այսօր վարույթ է ընդունել իր դիմումը, ուստի հանձնաժողովը պետք է սպասի դատարանի որոշմանը, Տիգրան Մուկուչյանը, սակայն, ասաց, որ ԿԸՀ-ն դատարանից որեւէ գրություն չի ստացել: Հանձնաժողովը քվեարկությամբ միաձայն մերժեց նաեւ Ռոբերտ Սիմոնյանի գրանցումը:

Մերժված մեկ այլ թեկնածու` Մհեր Հայրապետյանը 8 միլիոնի փոխարեն հազար դրամ էր մուծել որպես ըտրագրավ, ասաց, թե համաձայն է օրենքի պահանջի հետ, սակայն դա կարող է լինել ոչ թե գրավ, այլ պետական տուրք:

«Չեմ զարմանա, եթե հաջորդ ընտրություններին նաեւ ընտրողներին ստիպեն գրավ մուծել», -«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց Ռոբերտ Ահարոնյանը` պնդելով, թե ընտրագրավը պետք է վերացվի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, սակայն, ընտրական գրավի թե' պահանջը, թե' դրա չափը միանգամյան իրավաչափ է համարում:

«Տիգրան Մուկուչյանի համոզմամբ` ընտրագրավի ինստիտուտի հակասահմանադրականության հարց անգամ չի կարող քննարկվել. - «Այս վերջին շաբաթը, որը բավականին բուռն էր տարբեր առաջադրված քաղաքացիների առումով… Եթե մինչեւ այդ գոնե 0.1 տոկոսով որպես մասնագետ կարող է կասկածում է, որ կարելի է քննարկումներ անել այդ ինստիտուտների ընդհանրապես վերացման վերաբերյալ, հիմա ունեմ կուռ համոզմունք, որ նշված դրույթները խիստ անհրաժեշտություն են Ընտրական օրենսգրքում, որովհետեւ թե’ գրավը, թե’ ընտրողներից ստորագրություններ հավաքելը իրավական հնարավորություններ են, ինչը, փաստորեն, թույլ է տալիս զերծ պահել ընտրապայքարը պատահական թեկնածուներից, զերծ պահել ընտրապայքարը մարդկանցից, որոնք գալիս են սոսկ սեփական անձը կարեւորելու տեսանկյունով»:

Նախընտրական քարոզարշավը, հիշեցնենք, կմեկնարկի հունվարի 21-ին:
XS
SM
MD
LG