Մատչելիության հղումներ

Ռուբեն Այվազյանը դուրս կգա ընտրապայքարից


Ընտրություններ Հայաստանում, արխիվ
Ընտրություններ Հայաստանում, արխիվ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ Ռուբեն Այվազյանը չի մուծի ընտրական գրավը եւ ինքնըստինքյան դուրս կմնա ընտրապայքարից։ Այս որոշումը Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրություններում առաջադրված թեկնածուն կայացրել է երեքշաբթի օրը, ինչպես նա նշեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` կուսակից ընկերների հետ խորհրդակցելուց հետո։

Ընտրություններին չմասնակցելու խորհուրդ տված ընկերների անունները Այվազյանը հրաժարվեց նշել։

«Նախ ասեմ` իմ մտերիմ ընկերներն են, իրենց խորհուրդը իմ համար բարձր է։ Որ կուսակցության խորհուրդը որոշել է, որ չմասնակցել, ուրեմն` պետք է չմասնակցել, պետք է ենթարկվել։ Քանի որ ես ինձ օրինապաշտ քաղաքացի եմ համարում եւ ԲՀԿ կուսակցության կանոնադրությանը նաեւ ես պետք է ենթարկվեմ, ու որոշեցի օրենքը չխախտել», - հայտարարեց նա։

Այվազյանը հավաստիացրեց, որ ընտրական գրավ մուծելը իր համար խնդիր չէր, թեեւ իր գույքի վրա այս պահին արգելանք կա, քանի որ դատական գործընթացների մեջ է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի եղբող` Սամվել Հարությունյանի գլխավորած թիվ 3 կլինիկական հիվանդանոցի հետ: Այվազյանը հայտարարել է, թե իր հայրը այդ հիվանդանոցում մահացել է բժիշկների անփութության հետեւանքով, եւ Հարությունյանը պահանջում է փոխհատուցել իր գործարար համբավին հասցված վնասը:

Ռուբեն Այվազյանը երեք հոգուց ընտրական գրավի համար անհրաժեշտ գումարը մուծելու առաջարկ է ստացել։ Մերժել է բոլորին, մեկի դեպքում` առաջարկողի շահադիտական նկրտումները դուրը չեն եկել. - «Էլ չգիտես ինչի` որոշել է, որ եթե այդ ամեն ինչը հովանավորի, ես իրեն որոշ պաշտոններ պետք է տամ։ Իսկ իմ ծրագիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է, որ ես, ստացվում է, որ դեռ նախագահ չդարձած` արդեն մտնեմ կոռումպացված համակարգի մեջ, ինչին ես դեմ եմ»։

Հարցին, թե իր կարծիքով` ի՞նչ շանս ուներ, նա պատասխանեց. - «Ժողովուրդը եթե կարդար իմ ծրագիրը ու տեսներ, որ միակ ճանապարհը դա է, ամենաբարձր ձայնը ես պետք է ստանայի»։

Այվազյանը ասաց, թե նախագահի թեկնածու է առաջադրվել, որովհետեւ ցանկացել է կյանքի կոչել Հայաստանի փրկության` իր իսկ հեղինակած ծրագիրը։ Այն դատաիրավական եւ հարկային բարեփոխումներ է ենթադրում։

Այվազյանը նաեւ սեփականազրկման կողմնակից է` խոսքը հետխորհրդային Հայաստանում անօրինական ձեւով սեփականաշնորհված գույքը պետությանը վերադարձնելու եւ նախկին սեփականատերերին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին է։

«Նկատեցի, որ օրենքի ուժով են թալանել Հայաստանը, այսինքն` օրենքներ են մշակվել; Ընդամենը պետք է քաղաքական կամք, որ այդ հարցը մեկ օրում լուծվի», - ասաց նա` հավելելով, որ իր կարծիքով` այդ կամքը հիմա չկա. - «Որ լիներ` հայ ժողովուրդը այս ցեխից դուրս կգար»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը համոզված է, որ առաջադրվելու դեպքում կլիներ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը:

Սակայն նա ծրագրերը չի ցանկանում թղթի վրա թողնել, ու եթե իր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշի մասնակցել նախագահական հաջորդ ընտրապայքարին` նրան կառաջարկի վերցնել եւ կյանքի կոչել իր գաղափարները. - «Եթե ուզենա առաջադրվել` միանշանակ կուզենայի, որ իմ ծրագրերը կյանքի կոչվեին»։

ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք ճնշում չեն գործադրել Այվազյանի վրա, եւ ընտրապայքարից դուրս գալու որոշումը վերջինիս ինքնուրույն է ընդունել:

«ԲՀԿ-ն կարգապահ կուսակցություն է: Կուսակցությունը հայտարարել է, որ որեւէ ձեւաչափով ընտրություններին չի մասնակցում, եւ, իհարկե, հասկանալի չէր լինի, եթե ներկայացուցիչը, որը շարունակում է մնալ կուսակցության անդամ, նման նախաձեռնությամբ հանդես գար: Ինքը շատ ճիշտ գնահատել է իրավիճակը եւ ճիշտ որոշում կայացրել», – նշեց Զոհրաբյանը:
XS
SM
MD
LG