Մատչելիության հղումներ

ԵՄ-ն եւ Ռուսաստանը անցկացնում են 30-րդ գագաթնաժողովը


Բրյուսել -- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին եւ Եվրախորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպոյ, դեկտեմբերի 21, 2012
Բրյուսել -- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին եւ Եվրախորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպոյ, դեկտեմբերի 21, 2012
Եվրամիությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը այսօր անցկացնում են երկկողմ հարաբերությունների 30-րդ գագաթնաժողովը:

Երեկ երեկոյան բավականին երկար դադարից հետո Բրյուսել է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ընթրել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ մի շարք այլ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների հետ:

«Եվրամիությունը հինգշաբթի ողջունեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` կարեւորելով համագործակցությունը Մոսկվայի հետ, որը որոշել է շատ ուժեղ կերպով պաշտպանվել Արեւմուտքի ցանկացած միջամտությունից», - այս նախադասությամբ է սկսել գագաթնաժողովին նվիրված հոդվածը եվրոպական հեղինակավոր հանդեսներից մեկը:

Սակայն մինչ որոշ վերլուծաբաններ եւ քաղաքագետներ քննադատում են Եվրամիության այս ջերմ ընդունելությունը, ԵՄ պաշտոնյաները այսօրվա գագաթնաժողովը բնորոշում են որպես ամենակարեւորը «փոփոխվող աշխարհում անփոխարինելի գործընկերների 15 տարվա ինտենսիվ հանդիպումներում»:

«Միասին մենք կարող ենք որոշիչ ներդրում ունենալ գլոբալ կառավարման եւ տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում», - իր հայտարարության մեջ նշել է Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարության ֆոնին հետաքրքական է Պուտինի ավելի վաղ արած հայտարարությունները ետխորհրդային երկրներին, թե պետք է սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ` Արեւմուտքի ազդեցությունը սահմանափակելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Արեւմուտքի փորձերը ստիպել ժողովուրդներին ունենալ իրենց սեփական չափանիշները կարող են բերել լուրջ հետեւանքների: Ընդամենը երկու շաբաթ առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղադրել էր Ռուսաստանին այն բանում, որ Ռուսաստանը միտված է նախկին Խորհրդային Միությունը վերականգնելուն։ Միացյալ Նահանգները խոստանում է անել հնարավորը Ռուսաստանի առաջնորդի գովազդած այդ գաղափարը ձախողելու համար, ասել էր ԱՄՆ պետքարտուղարը:

Ռուսաստանի եւ Եվրոպայի առաջնորդներն այսօր քննարկելու են քաղաքական եւ տնտեսական հարցեր, երկկողմ հարաբերություններին առնչվող նոր ԵՄ-Ռուսաստան համաձայնագիրը, ինչպես նաեւ առեւտրաշրջանառությանը, էներգետիկային, մարդու իրավունքներին եւ վիզաներին վերաբերող օրակարգային հարցեր: Ռուսաստանին հուզում է իր քաղաքացիների համար շենգենյան վիզա ստանալու դյուրացումը, Եվրամիությունն էլ դժգոհություններ ունի Ռուսաստանի` Համաշխարհային Առեւտրային կազմակերպության կազմում գործունեությունից:

Այսօր, ի դեպ, ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի դեմ իրենց կիսամերկ բողոքն էին արտահայտում «Ֆեմեն» խմբի ակտիվիստները, որոնց բելգիական ոստիկանությունը Եվրոպական խորհրդի շենքի դիմաց ձերբակալեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG