Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովին վերաբերող փոփոխություններն ընդունվեցին


Ազգային ժողովը այսօր ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի առաջարկած փոփոխությունները` 70 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Մինչեւ քվեարկությունը իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավարները մի քանի անգամ հաշվեցին նիստերի դահլիճում ներկա պատգամավորների թիվը: Անսպասելիորեն ընդդիմադիր պատգամավորներն ու «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները հայտարարեցին, թե չեն մասնակցելու քվեարկությանը:

«Այս պահին դահլիճում 63 հոգի է: Ուզում եմ ասել, որ հանկարծ չստացվի, որ օրենքը անցել է: 63 հոգի եք դուք», - ասաց Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ):

Իրավիճակը փրկելու եւ անհրաժեշտ թվով պատգամավորներ խորհրդարան կանչելու համար ՀՀԿ-ի խմբակցության ղեկավարը Գալուստ Սահակյանն ընդմիջում խնդրեց: Անհրաժեշտ թվով պատգամավորները հավաքվեցին միայն օրենքով սահմանված երկրորդ ընդմիջումից հետո, ու օրենքը քվեարկությամբ ընդունվեց:

Եռօրյա բուռն քննարկումների առիթ դարձած այս փոփոխություններով Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը նոր տեսք ու կազմ կունենա. նախկինում 6 անդամների փոխարեն` 7 անդամ: 3-ական անդամներ կունենան իշխանությունն ու ընդդիմությունը, եւ 1 անդամ` այլընտրանքը:

Ընդդիմության ճնշման ներքո օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ) օրինագծից հանեց նաեւ հանձնաժողովի անդամի վետոյի իրավունքը: Ընդդիմությունը կարծում էր, որ նման իրավունքը անգործության կմատներ հանձնաժողովը:

Ընդդիմադիրները այս օրինագիծը գնահատում են իրենց դեմ ուղղված քայլ:

Հակադարձելով այս գնահատականին` Գալուստ Սահակյանն ասաց. - «Մտքի կուսությունը չի կարելի սպանել: Սա ես չեմ ասել… Հրանտ Մաթեւոսյանն է ասել: Այսինքն` մարդը չի կարող անընդհատ նույն բանի մասին խոսել, կրկնել, կրկնել»:

Իշխող ուժի խմբակցության ղեկավարը հակադարձեց նաեւ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեղադրանքներին` ասելով բառացիորեն հետեւյալը. - «Քննարկման ժամանակ գնացին-հասան 2012 թվականի իբրեւ թե ձախողված ընտրություններին, նաեւ խախտումների վերաբերյալ մեծ «հորովելներ» երգեցին, հետո մտածեցին, մտածեցին` զգացին, որ միգուցե իրոք խախտումներ եղել են: Եթե խախտումներ չլինեին, ո՞նց պիտի ընդդիմության քաղաքական մեծամասնությունը հայտնվեր Ազգային ժողովում»:

Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) դիտարկմամբ` այս նախաձեռնությունը «անձնական վրիժառություն էր»` կապված Էթիկայի հանձնաժողովում ՀՀԿ անդամի պահվածքի հետ: Խոսքը հանձնաժողովի վերջին նիստում, որտեղ քննարկվում էր ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը իշխանության ուժերով տապալելու հարցը, Նիկոլ Փաշինյանը եւ Դավիթ Հարությունյանի միջեւ ծագած վեճի մասին է, որից հետո վերջինս լքել էր դահլիճը:

Արփինե Հովհաննիսյանը հարկ համարեց շեշտել, որ նախագիծը քաղաքական պատվեր չէ. - «Այն չի պարունակում վրիժառության էլեմենտներ եւ ոչ էլ կուլիսային դրդապատճառներից է բխում: Էթիկայի հանձնաժողովում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գուցե խթան հանդիսացան այս փոփոխությունները ձեռնարկելու համար, սակայն պահն էր հասունացել: Եվ սա միայն դրդապատճառ էր եւ ոչ թե առիթ»:

Ընդդիմադիրները երեկ հայտարարում էին, թե փոփոխություններն ընդուվելու դեպքում չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը այդ հնարավորությունը դեռեւս քննարկելու են, իսկ Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարեցին, որ վերանայել են իրենց կարծիքը:

«Որոշակի ընդունելի դրույթներ ավելացել են առաջարկների մեջ: «Բարգավաճ Հայաստան»-ը կշարունակի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե, իհարկե, հետո` պարոն Հարությունյանի վերադառնալուց հետո, նորից նոր դրույթներ չփոխվեն: Որովհետեւ անկանխատեսելի են մեծերի գործերը», - ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
XS
SM
MD
LG