Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովին վերաբերող փոփոխությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի (ՀՀԿ) օրենսդրական նախաձեռնությունը:

Հանրապետական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությամբ «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկված փոփոխություններով Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը կձեւավորվի նոր կարգով: Եթե այսօր այն ձեւավորվում է յուրաքանչյուր խմբակցությունից մեկ պատգամավոր սկզբունքով, եւ հանձնաժողովում իշխանություններն ունեն ընդամենը 2 պատգամավոր` ոչ իշխանական 4 պատգամավորի դիմաց, ապա փոփոխություններն ընդունվելու պարագայում իշխանական խմբակցությունները արդեն պետք է ներկայացված լինեն 3 պատգամավորներով` 2-ը ՀՀԿ-ից եւ 1-ը «Օրինաց երկիր»-ից: Ընդդիմադիր 3 խմբակցությունները եւս կունենան 3 պատգամավոր, եւ կլինի 1 պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Որոշումները պետք է ընդունվեն առնվազն 4 պատգամավորով, հետեւաբար այդ 4-ից մեկը պետք է լինի կա´մ իշխանական թեւի ներկացուցիչ, կա´մ ընդդիմադիր:

Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը, հիշեցնենք, ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի նիստում հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգը, թույլ չտվեց, որ Դավիթ Հարությունյանը մասնակցի հանձնաժողովի նիստին որպես հանձնաժողովի անդամ: Այսինքն` Դավիթ Հարությունյանը կարող էր ներկա գտվել նիստին, կարծիք հայտնել, սակայն չէր կարող քվեարկել: Իսկ այդ օրվա նիստին քննարկվեց նոյեմբերի 21-ին խորհրդարանի 48 պատգամավորների կողմից արտահերթ նստաշրջան հրավիրելու եւ այն մնացած 83 պատգամավորների կողմից (հիմնականում` Հանրապետական) բոյկոտելու հարցը: Քանի որ Դավիթ Հարությունյանը նիստը բոյկոտած պատգամավորներից մեկն էր, ըստ Փաշինյանի, նա չէր կարող մասնակցել նաեւ իր հարցի քննարկմանը, ինչը պահանջում է խորհրդարանի կանոնակարգը:

Նշենք նաեւ, որ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը խորհրդարանական 13 հանձնաժողովներից միակն է, որը գլխավորում է ընդդիմության ներկայացուցիչը:

Եթե փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեն, ապա, ինչպես լրագրողների փոխանցեցին Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ընդդիմությունը կարող է հրաժարվել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասախան Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հանրապետականը չի ցանկանում, որ իշխանական անգամ չնչին մի օղակ գտնվի ընդդիմության ձեռքին, ուստի այդ պատճառով էլ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ:

«Ես կարծում եմ, որ դա Հայաստանում իշխող տոտալիտար մտածելակերպի արտահայտություն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Եթե հանրապետականները պնդեն իրենց տարբերակի վրա եւ ի վերջո ընդունեն այդ փոփոխությունները, մենք չենք մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին», - իր հերթին նշեց Արմեն Ռուստամյանը:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներից Դավիթ Հարությունյանին այսօր չհանդիպեցինք Ազգային ժողովում: Համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե իրենց առաջարկության նպատակը իշխանության եւ ընդդիմության ձայների հավասարեցումն է հանձնաժողովում. - «Մենք պարզապես կոնսենսուս ենք խնդրում. առանց իրենց մենք չենք կարող որոշում կայացնել, առանց մեզ` իրենք»:

Նշենք նաեւ, որ այսօր հարցի շուրջ բանակցություններ տեղի ունեցան Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ պատգամավորների միջեւ` փոխըմբռնելի լուծում գտնելու համար: Սակայն բանակցություններն ավարտվեցին անարդյունք, եւ խորհրդարանի հավանաբար վաղվա նիստում օրենսդրական նախաձեռնությունը կքվեարկվի երկրորդ ընթեցմամբ ու, ըստ ամենայնի, կնդունվի:
XS
SM
MD
LG