Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի խոսնակը բացառում է, թե Ծառուկյանի վրա ճնշում է եղել


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
Սերժ Սարգսյանը, ինչպես «Ազատություն» ռադոկայանի հետ հարցազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «երբեք պրեսինգի չի դիմել»:

Շարմազանովի խոսքով, իշխող կուսակցության համար «երկրորդական է եղել` ով կառաջադրվի նախագահական ընտրություններում, ով` ոչ»:

Հարցին, թե որքանով են իրական տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը ճնշումների հետեւանքով է հրաժարվել նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրությունից, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. - «Համոզված եմ, որ նախագահ Սարգսյանը երբեք պրեսինգի չի դիմել: Սերժ Սարգսյանը շրջահայաց, լայնախոհ եւ ժողովրդավարական արժեքներ դավանող քաղաքական գործիչ է: Սերժ Սարգսյանը երբեք ուլտիմատումներով եւ պրեսինգներով չի խոսում: Մանավանդ, որ տարբեր կատեգորիաներ են»:

«Մենք ժողովրդավարական քաղաքական ուժ ենք», - հայտարարեց նա` շարունակելով. - «Եվ կարծում եմ, սա բացառապես ԲՀԿ առաջնորդի, կուսակցության քաղխորհրդի քաղաքական որոշումն է եղել: Իսկ բոլոր այն կարծիքները, թե իբր Հանրապետականը կամ նախագահը ստիպել են կամ ճնշել են, դրանք ոչ այլ ինչ են, քան դատարկ խոսակցություններ եւ ասեկոսեներ»:

Գագիկ Ծառուկյանի որոշումը, հիշեցնենք, հաջորդել էր «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի եւ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպմանը:

Ազգային ժողովի փոխնախագահի պնդմամբ, Գագիկ Ծառուկյանի որոշումից Հանրապետականը ո’չ շահում է, ո’չ էլ կորցնում, քանի որ այն չի ազդել իշխող ուժի մարտավարության եւ ռազմավարության վրա. - «Մենք ո'չ ցնծության մեջ ենք, որ չառաջադրվեց, ո'չ էլ ցայտնոտի մեջ ենք, որ չսատարեց: Այդպիսի որեւէ խնդիր չկա»:

Ի պատասխան դիտարկմանը, որ այժմ ԲՀԿ-ի համակիրները կարող են իրենց ձայները տալ ընդդիմության թեկնածուի, Շարմազանովն ասաց, թե իր ներքին շփումները ցույց են տալիս, որ բազմաթիվ ԲՀԿ-ականներ կսատարեն հենց գործող նախագահին:

Այսօր նույն կարծիքն է հայտնել նաեւ իշխող կուսակցության փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ասելով, թե շատ ու շատ ԲՀԿ-ականներ տեղերում «հոգով եւ սրտով կաջակցեն» Սերժ Սարգսյանին:

Այսօր նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է շրջանառվող լուրերին, թե Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո Քոչարյանը կարող է ինքնառաջադրվել:

«Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին: Ավելին, մի քանի անգամ նա հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին: Սակայն Ռոբերտ Քոչարյանն անպայման կտա իր գնահատականները ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ արդեն մոտ ապագայում», - «Մեդիամաքս»-ի հետ հարցազրույցում ասել է Սողոմոնյանը:

Գլխավոր ինտրիգն այսօր, ուստի, այն է, թե արդյո՞ք իր թեկնածությունը կառաջադրի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ում դեռեւս հրաժարվում են պատասխանել այդ հարցին, ինչպես նաեւ գնահատական տալ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը` խոստանալով դա անել քաղխորհրդում երեկվանից մեկնարկած քննարկումների ավարտին:

Հարկ է նկատել, որ ՀԱԿ-ը «Բարգավաճ Հայաստան»-ը դիտարկում էր որպես կարեւորագույն ռեսուրս իշխանության դեմ պայքարում: Ինչպես ձեւակերպել էր ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` երկրում այսօր կա Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ` «Բարգավաճ Հայաստան»-ը եւ ՀԱԿ-ը:

ԲՀԿ-ի երեկվա հայտարարությունը վկայում է, որ կուսակցությունը Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ցանկություն չունի:

Էդուարդ Շարմազանովը դժվարացավ ասել, թե ինչ զարգացումներ կարող են լինել ՀԱԿ-ում: Նա ընդգծեց, թե ՀԱԿ-ն ինքն իրեն այսօր դրել է փակուղային իրավիճակում, քանի որ ամբողջ հույսը դրել էր ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի վրա. - «Հասարակությունը տեսավ, որ ՀԱԿ-ը փաստորեն այս մեկ-մեկուկես տարվա ընթացքում պլատոնական սիրախաղով էր զբաղված այլ քաղաքական ուժի հետ, եւ իր փրկությունը տեսնում էր այլ քաղաքական ուժի ղեկավարի առաջադրման մեջ` դրանով իսկ ընդունելով, որ այդ քաղաքական ուժը ունի անհամեմատ ավելի բարձր վարկանիշ, քան ինքը»:
XS
SM
MD
LG