Մատչելիության հղումներ

ՀԱԿ խմբակցությունում «ՀԱԿ-ԲՀԿ նախագահի միասնական թեկնածուի հարց չի քննարկվել»


ՀԱԿ խմբակցության անդամները խորհրդարանում, արխիվ
ՀԱԿ խմբակցության անդամները խորհրդարանում, արխիվ
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցությունում ՀԱԿ-ԲՀԿ նախագահի միասնական թեկնածուի հարց չի քննարկվել: Այս մասին երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Մինչդեռ երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ պատգամավորների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարեց, թե չի բացառում, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը կարող են նախագահի միասնական թեկնածուով հանդես գալ:

«Խմբակցությունը այդ հարցը չի քննարկել, որոշում չի կայացրել: Եվ դա, չեմ կարծում, որ ընդհանրապես խմբակցության իրավասության մեջ գտնվող հարց է: Իհարկե, դա ոչ միայն Զուրաբյանի անձնական տեսակետն է, այս պահին դա էլի բազմաթիվ մարդկանց անձնական տեսակետն է: Ես էլ իմ անձնական տեսակետն եմ հայտնում, բայց դա չի նշանակում, որ այդ տեսակետի մեջ ես միայնակ եմ», - ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, թե իր կարծիքով ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում որպես թեկնածու պետք է առաջադրի Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ուզում են, որ «կազմաքանդվի ավազակապետությունը», կարող են աջակցել Տեր-Պետրոսյանին:

«Դժբախտաբար կամ բարեբախտաբար, ես որեւէ կուսակցության չեմ կարող արգելել պաշտպանել նախագահի այն թեկնածուին, որին ես ինքս եմ պաշտպանում», - ասաց Փաշինյանը` ի պատասխան հարցին, թե նաեւ ԲՀԿ-ի՞ն նկատի ունի:

Տեր-Պետրոսյանը առայսօր չի հայտարարել իր առաջադրվելու մտադրության մասին, մինչդեռ ԲՀԿ-ն հայտարարել է, որ իր մարզային կառույցների ու ակտիվի գերակշռող տեսակետն այն է, որ ԲՀԿ-ն պետք է նախագահական ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով, եւ որ այդ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է:

Հարցին, թե իր կարծիքով` ինչի՞ շուրջ կարող են համագործակցել ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, այն էլ նախագահական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ, Փաշինյանը պատասխանեց. - «Մենք անընդհատ ասում ենք համագործակցություն, իսկ ինչո՞ւմ է արտահայտվում այդ համագործակցությունը: Դուք ինձ կարո՞ղ եք ցույց տալ համագործակցության շատ կոնկրետ դեպք, որ այսինչ հարցում համագործակցեցին: Ես համագործակցություն չե'մ տեսնում: Դա իմ պատկերացմամբ նշանակում է կոնկրետ պայմանավորվածություն, կոնկրետ համատեղ ծրագիր: Դուք տեղյա՞կ եք այդպիսի ծրագրի մասին: Նման ծրագիր չկա'»:

Նշենք, սակայն, որ երբ ԲՀԿ-ն հայտարարեց կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ձեւավորելու շուրջ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին, ՀԱԿ-ը պատասխանեց այդ առաջարկին` ներկայացնելով առաջիկա նախագահական ընտրություններում «ռեժիմի դեմ համախմբման» ավելի լայն ծրագիր, ընդհուպ մինչեւ ԲՀԿ-ի հետ միասնական զանգվածային միջոցառումների անցկացում: Այս բոլոր հարցերը երեկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը արդեն քննարկել են եւ հայտարարել են, որ բանակցությունները շարունակվելու են: Ավելին, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց բանակցություններին մասնակցած ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը, հաջորդ փուլում քննարկելու են նաեւ այն հարցը, թե ով է լինելու նախագահի թեկնածուն:

ԲՀԿ-ի քաղաքական խորհրդակացություններին այսօր անդրադարձել է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա խորհուրդ էր տվել «բոլոր այն «խելամիտներին», ովքեր ամենուր իր ստվերն են փնտրում, լավ բացել աչքերը եւ վերջապես տեսնել, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձեւավորել կուսակցության քաղաքական օրակարգը»: Արձագանքելով Հայաստանի երկրորդ նախագահի այս հայտարարությանը` Փաշինյանն ասաց, թե ինքը, իհարկե, կցանկանար մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքները Մարտի 1-ի գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է Քոչարյանի` ԲՀԿ-ի ետեւում լինելու կամ չլինելու հարցին, ապա Փաշինյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ի ստեղծումը ձեռնարկել է հենց Ռոբերտ Քոչարյանը եւ դա արել է այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը իր վերահսկողության տակ է վերցրել Հանրապետական կուսակցությունը:

«Տեղի է ունեցել մի գործընթաց, որի նպատակը (Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործողությունների մասին է խոսքը), քաղաքական ողջ դաշտը հսկողության տակ վերցնել է: Այսինքն, որպեսզի քաղաքական դաշտը` առնվազն 90 տոկոսը, հստակ բաժանվի երկու մասի: Մի մասում լինի ՀՀԿ-ն, մյուս մասում լինի ԲՀԿ-ն, եւ այդ դաշտում ուրիշ խաղացողներ չլինեն: Սա միակ ձեւաչափն է, միակ հնարավորությունն է, որ Քոչարյանին եւ Սարգսյանին տեսականորեն հնարավորություն կտա խուսափել պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների համար պատասխան տալուց», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իր վերլուծության համաձայն ստացվո՞ւմ է, որ այսօր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ հակասություններ չկան, Փաշինյանն ասաց, թե հակասություններ, անգամ թշնամանք կարող է լինել, քանի որ խնդիրն այն է, թե նրանցից որ մեկի ձեռքում է գտնվելու քաղաքական համակարգի «հսկիչ փաթեթը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG