Մատչելիության հղումներ

Սիրիայի բարեկամների խումբը ճանաչեց ընդդիմադիրների կոալիցիան


Սիրիայի բարեկամների խումբը չորեքշաբթի երեկոյան Մարրոկոյի Մարաքեշ քաղաքում ամփոփիչ հայտարարությամբ ճանաչեց նոյեմբերի 11-ին ստեղծված Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան` որպես այդ երկրի միակ օրինական իշխանություն:

Սիրիայի բարեկամների խումբը ընդգրկում է մոտ 130 երկրների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Ավելի վաղ նույնպիսի որոշում կայացրել էին Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները:

Այս հավաքին մասնակցող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը հրավիրել է Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարությանը այցելել Վաշինգտոն:

Սիրիայի նորաստեղծ ընդդիմադիր կոալիցիան` որպես Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին հայտարարությունը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` երեքշաբթի երեկոյան:

ԱՄՆ-ի նախագահը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ընդդիմադիր կոալիցիան իր մեջ բավարար չափով ներառում է տարբեր կազմակերպություններ եւ խմբավորումներ, որոնք ներկայացնում են սիրիացիների շահերը: Օբաման հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից սիրիական ընդդիմության պաշտոնական ճանաչումը լուրջ քայլ կդառնա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին իշխանությունից հեռացնելու համար: Միեւնույն ժամանակ Օբաման հավելել է, որ այս որոշումը սիրիական միացյալ ընդդիմության վրա որոշակի պարտավորություններ է դնում` ընդդիմադիր կոալիցիայի անդամները պետք է արդյունավետ ինքնակազմակերպվեն, ներկայացնեն բոլոր խմբերի շահերը եւ այնպիսի քաղաքական փոփոխություններ որդեգրեն, որոնք հարգում են կանանց եւ փոքրամասնությունների իրավունքները:

Այս հայտարարություններին հետեւեց Ռուսաստանի արձագանքը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի հայտարարեց, որ իրենց համար ԱՄՆ-ի այս քայլը անսպասելի էր:

«Ես որոշակի զարմանքով տեղեկացա, որ ԱՄՆ-ը իր նախագահի շուրթերով ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիան` որպես Սիրիայի իշխանության միակ լեգիտիմ ներկայացուցիչ: Դա հակասում է այն պայմանավորվածություններին, որ ամրագրված են Ժնեւյան հուշագրում եւ նախատեսում են համասիրիական երկխոսություն սկսել թե կառավարության, թե ընդդիմության նշանակած ներկայացուցիչների միջեւ», - ասել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG