Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ճանաչեց սիրիացի ընդդիմադիրների կոալիցիան


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասուլիս է տալիս Ելիսեյան պալատում, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2012թ.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասուլիս է տալիս Ելիսեյան պալատում, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2012թ.

Միաժամանակ, Օլանդը դեռ վաղ է համարում Սիրիայում միջազգային ռազմական միջամտության հարցը քննարկելը։

Ֆրանսիան դարձավ եվրոպական առաջին պետությունը, որը ճանաչեց սիրիական ընդդիմության ձեւավորած նոր կոալիցիան։ Նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի օրը Փարիզում հայտարարեց, թե ընդդիմադիր խմբավորումների միավորումը շատ կարեւոր քայլ էր։

«Ես այստեղ հայտարարում եմ, որ Ֆրանսիան որպես սիրիացի ժողովրդի միակ ներկայացուցիչ եւ ժողովրդավարական Սիրիայի ապագա ժամանակավոր կառավարություն ճանաչում է միայն Սիրիայի ազգային կոալիցիան՝ սպասելով Բաշար ալ-Ասադի ռեժիմի հեռանալուն», - ասաց Օլանդը։

Միաժամանակ, ֆրանսիական պետության ղեկավարի խոսքերով, դեռ վաղ է քննարկել Սիրիայում միջազգային որեւէ ռազմական միջամտության հարցը։

«Միջամտություն կլինի, միայն եթե [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհուրդը նման որոշում կայացնի։ Այս պահին այդպիսի տրամադրություններ չկան` հաշվի առնելով նաեւ, որ Ռուսաստանն է ընդդիմանում դրան։ Ուրեմն մենք կգործենք այլ կերպ՝ հանուն քաղաքացիական բնակչության պաշտպանության սկզբունքների։ Ամենուրեք ազատագրված տարածքներ են ձեւավորվել, որոնք կլինեն այս կառավարության վերահսկողության ներքո եւ կպաշտպանվեն», - հայտարարեց Օլանդը։

Պաշտոնական Դամասկոսը բավական կոշտ է արձագանքում Փարիզի որոշմանը՝ որակելով այն անբարոյական։ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆաիսալ Մուքդադը ասել է, թե Ֆրանսիան աջակցություն է առաջարկել մարդասպաններին ու ահաբեկիչներին ու մեղադրել Փարիզին Սիրիայի ոչնչացումը խրախուսելու մեջ։

Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զոաբին էլ այսօր Դամասկոսում լրագրողների հետ հանդիպմանը պնդել է, թե Դոհայում ձեւավորված կոալիցիան Թուրքիայի եւ Քաթարի հերթական փորձն է վերականգնել մի քանի ամիս առաջ Ստամբուլում ստեղծված խորհուրդը:

«Եթե տեսնեք Դոհայի հանդիպման մասնակիցների անունները եւ լուսանկարները, կճանաչեք նույն մարդկանց, ովքեր Ստամբուլում էին։ Սիրիայի դիրքորոշումը այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունեցել Դոհայում, մնում է անփոփոխ՝ անկախ այն բանից, թե կճանաչվի այդ կոալիցիան թե ոչ։ Այդ ամենը քաղաքական անմիտ քննարկումներ են», - ասել է ալ-Զոաբին:

Սիրիայի գործող իշխանությունների դաշնակիցը համարվող Իրանը մտադիր է հաջորդ շաբաթ կազմակերպել Սիրիայի ազգային երկխոսության հավաք, որը, ինչպես փոխանցել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան, կանցնի «Ոչ բռնությանը, այո ժողովրդավարությանը» կարգախոսի ներքո։

Ավելի քան 20 ամիս շարունակվող արյունահեղություններից հետո, անցած հանգստյան օրերին Սիրիայի ընդդիմադիր ուժերը Դոհայում համաձայնության եկան` միասնական քաղաքական մարմին ստեղծել։ Եվրամիությունը եւ Արաբական պետությունների լիգան ողջունեցին կոալիցիայի ձեւավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG