Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանն իր առաջադրման մասին պաշտոնապես կհայտարարի դեկտեմբերի 22-ին


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 2013 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին պաշտոնապես կհայտարարի դեկտեմբերի 22-ին։

«Այդ օրը մենք վերջնական տեսքի եւ բովանդակության կբերենք այդ նախնական հայտարարությունը, որ ես կատարեցի նոյեմբերի 2-ին եւ ասացի, որ ես առաջին անգամ մասնակցելու եւ նախագահական ընտրություններին եւ ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, որ այս անգամ ուրիշ է լինելու», - նաեւ ասաց «Ժառանգության» առաջնորդը։

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից նախագահական ընտրություններին մեկ միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը կողմ է հավաքական թեկնածուին եւ պատրաստ է ողջունել բոլոր նրանց, ովքեր կզորակցեն իրեն փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում։

«Եթե ցանկացած այլ կուսակցություն, կուսակցապետ, հասարակական շարժման պատասխանատու ուզում է զորակցել հավաքական թեկնածությունը, իմ մարմնավորած, իմ պատկերացրած Հայաստանի ծրագիրը, ես կարծում եմ, որ դա առավել շոշափելի կդարձնի առաջիկա հաղթանակը», - նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը, համոզմունք հայտնելով, որ եթե փետրվարի 18-ի ընտրությունները լինեն միջազգային չափանիշներին եւ Հայաստանի սահմանադրությանը համապատասխան, ապա Հայաստանը կունենա նոր նախագահ։
XS
SM
MD
LG