Մատչելիության հղումներ

ՀՅԴ օրակարգի կետերից առնվազն 2-ը անընդունելի են ՀՀԿ-ի համար


Դաշնակցության ներկայացրած 7 կետերի շուրջ «հնարավոր չի լինի կոնսենսուսի գալ Հանրապետական կուսակցության հետ»: Խոսելով շաբաթ օրը Հայաստանի նախագահի նստավայրում կայացած Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին` նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Սերժ Սարգսյանը դեմ է եղել Դաշնակցության առաջարկներից 2-ին` անցմանը խորհրդարանական կառավարման եւ հայ- թուրքական արձանագրություններից ստորագրությունը հետ կանչելուն:

Առաջինի մասին ասել է, թե համակարգով չէ, որ պայմանավորված է երկրի լավ կամ վատ լինելը, իսկ արձանագրությունների մասին նշել է, որ որ իր քայլը ճիշտ էր:

Մարգարյանի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերել կրկին հանդիպել: Հարցին, թե ինչ իմաստ ունի նոր հանդիպումը այն դեպքում, երբ Դաշնակցությունը պնդում է, որ հարկավոր է ընդունել իրենց բոլոր առաջարկները, եւ իրենց չեն բավարարվի մասնակի համաձայնությամբ: Մինչդեռ ՀՀԿ-ի առաջնորդը առաջին իսկ հանդիպմանը 2 կետ մերժել է, իսկ մյուս կետերին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցած Հրանտ Մարգարյանը եւ Արմեն Ռուստամյանը չեն հասցրել անդրադառնալ:

«Անիմա՞ստ էր նախագահի հետ հանդիպումը: Ինչ-որ իմաստով, եթե զուտ գործնապաշտության առումով մտածեն` այո: Բայց նաեւ իմաստ ուներ, որովհետեւ կարող է մեր հիմնավորումները, մեր տեսակետները ազդեն ընդհանրապես իր մտածողության վրա: Դարձյալ ճիգ է, որ կարողանանք բացատրել, համոզել, որ մենք ճիշտ ենք», - նշեց Մարգարյանը` շարունակելով. - «Կընդունվի` շնորհակալ կլինենք, չի ընդունվի` առնվազն չենք ունենա այն հոգեբանական վիճակը, որ մենք չբացատրեցինք. եթե բացատրեինք, կարող է տարբեր լիներ»:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից ընդամենը 2 օր առաջ ՀՅԴ-ն հայտարարել էր, թե Հայաստանում այսօր աննախադեպ իրավիճակ է, երբ իրոք կարելի է համախմբվելու միջոցով իշխանափոխություն իրականացնել: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ հանդիպեցին իշխող կուսակցության ղեկավարի հետ, Մարգարյանն արձագանքեց. - «Առաջին օրվանից ասել ենք` մենք բոլորի հետ ենք խորհրդակցելու: Մենք իրավունք չունենք հարցը իջեցնել այն մակարդակի, որ սրա հետ խոսելը մերժելի է, նրա հետ խոսելը ընդունելի է: Մենք խոսում ենք մեր հարցերի շուրջ մեր թշնամիների հետ` թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ… Բոլոր հետ էլ խոսում ենք, ինչո՞ւ մեկս մյուսի հետ չպիտի կարողանանք խոսել»:

Նրա պնդմամբ` Դաշնակցության առաջարկները որեւէ ուժի դեմ չեն ուղղված:

Քաղաքական ուժերի հետ իրենց 7 առաջարկների շուրջ հանդիպում-քննարկումներն ամփոփելով` ՀՅԴ Բյուրի ներկայացուցիչն ասաց, որ շարունակելու են բանակցությունները:

«Հարցը երկրորդ մասում է դժվար, որ միասնական թեկնածուի խնդիրն է: Բայց առաջին մասում ես տեսնում եմ ռեալ հնարավորություն համախոհություն կայացնելու: Կարծում եմ, որ սրանից դուրս կմնա միայն Հանրապետականը», - ասաց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ՀՅԴ հանդիպումը արդյոք չի առաջացրել իրենց նախաձեռնած քննարկումների մասնակից մյուս քաղաքական ուժերի դժգոհությունը, Մարգարյանն արձագանքեց, թե պատասխանատու անձանց կողմից դժգոհություններ չեն հնչել. - «Թաքուն որեւէ բան չենք արել: Մենք հանդիպման ակտի մեջ քաղաքական իմաստ չենք դնում: Մենք փորձում ենք ստեղծել համընդհանուր համախոհություն երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրների շուրջ»:

ՀՅԴ-ն հայտարարում է, որ նախագահական ընտրություններում կսատարի նրան, ով անվերապահորեն կընդունի իր 7 առաջարկները: Ուստի Սերժ Սարգսյանին չեն սատարի, քանի որ ենթադրում են, որ գործող նախագահն ու առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուն արդեն իսկ դեմ է այդ առաջարկներից երկուսին:

Հարցին, թե կարող է «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը լինել ընդդիմության միասնական թեկնածուն, Հրանտ Մարգարյանը պատասխանեց. - «Կարող է դառնալ թեկնածու, բայց ընդդիմության միասնական թեկնածու` չգիտեմ»:

Դեռ պարզ չէ` Դաշնակությունը նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, կսատարի այլ կուսակցության ներկայացուցիչ միասնական թեկնածուի, թե ընդհանրապես չի մասնակցի: Հարցը որոշելու է մինչեւ տարեվերջ անցկացվելիք ՀՅԴ գերագույն ժողովը:
XS
SM
MD
LG