Մատչելիության հղումներ

ՀԱԿ. «Իշխանությունները պատրաստվում են լայնածավալ կեղծիքների»


«Ազատության երթ»՝ Երեւանում
please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00
Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված «ազատության երթը» մեկնարկեց Ազատության հրապարակից:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախաձեռնած երթի հարյուրավոր մասնակիցները ազատության եւ իշխանափոխության կոչերով ու պաստառներով, թմբուկների ուղեկցությամբ քայլեցին Երեւանի կենտրոնական փողոցներով դեպի Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակ` պահանջելու, որպեսզի միջազգային հանրությունը պարտադրի Հայաստանի իշխանություններին կատարել մարդու իրավունքների պաշտպանության հարցում Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները: Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր երթին:

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հրապարակելով Հայաստանի ժողովրդավարությանը այսօր սպառնացող հիմնական խնդիրները, հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները առաջիկա նախագահական ընտրություններում պատրաստվում են լայնածավալ ընտրակեղծիքների:

«Հայաստանի իշխանությունները, ստեղծելով ընտրակաշառքի բաժանման, ընտրողների ահաբեկման եւ բազմակի քվեարկության լայնածավալ խախտումների պետականորեն կազմակերպված մեքենա, շարունակում են մերժել հայ ժողովրդի սեփական իշխանություն ընտրելու իրավունքը: Խորհրդարանի կազմը չի արտահայտում ժողովրդի իրական կամքը եւ իշխանությունները շարունակում են պատրաստվել նույնքան լայնածավալ ընտրակեղծիքների առաջիկա նախագահական ընտրություններում», - հայտարարեց Զուրաբյանը:

Եվրոպայի խորհրդի նախագահին եւ Մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրված Կոնգրեսի նամակում, որը Ազատության հրապարակում միաձայն հավանության արժանացրեցին ցուցարարները, նաեւ ամրագրված էր Հայաստանում մարդու կյանքի իրավունքի մերժման փաստը` որպես ապացույց վկայակոչելով Մարտի 1-ի սպանությունների հանգամանքները 5 տարի «կոծկելն եւ պարտակելը»:

Բայց ամենահրատապ խնդիրը ընդդիմությունը համարում է 4 երիտասարդ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատավճիռը, որի վերաբերյալ վերջին դատական ատյանը` Վճռաբեկ դատարանը պետք է իր դիրքորոշումը արտահայտի մինչեւ հունվարի 13-ը: Վճռաբեկ դատարանի դիրքորոշումից է կախված` Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանն ու Դավիթ Քիրամիջյանը կմնան ազատության մեջ, թե նրանք էլ կտեղափոխվեն կալանավայրեր: Տիգրան Առաքելյանն արդեն 1 տարի 4 ամիս անազատության մեջ է:

«Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանն ու Դավիթ Քիրամիջյանը նույնպես կազատազրկվեն, եթե Սերժ Սարգսյանը հրամայի իր կամակատար Վճռաբեկ դատարանին ուժի մեջ թողնել առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանների, իսկ իրականում Սերժ Սարգսյանի ապօրինի դատավճիռները ազատազրկման մասին: Պահանջում ենք ազատություն», - հայտարարեց Զուրաբյանը:

Թե որքանո՞վ է իշխանություններին ձեռնտու նախագահական ընտրությունների շեմին ազատազրկել երիտասարդներին, Կոնգրեսի պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. - «Այս վերջին տարիներին դժվարանում եմ տրամաբանական որեւէ բացատրություն տալ որեւէ երեւույթի, որովհետեւ պետք է տրամաբանություն լինի այդ գործողությունների մեջ, որպեսզի դու կարողանաս հաջորդ քայլերը փորձել տրամաբանությամբ բացատրել կամ եզրակացնել: Ես կարծում եմ, ելնելով իրենց տրամաբանությունից, 1-2-ը պետք է մնան անպայման անազատության մեջ, որովհետեւ Տիգրան Առաքելյանի եւ մյուսների ձերբակալումն ու կալանումը պատճառ դարձավ երկխոսության ընդհատման: Ուրեմն իրենք պետք է իրենց տեսանկյունից հիմնավորեն, որ «նրանք հանցագործներ էին, դրա համար էն ժամանակ ձերբակալեցինք ու կալանեցինք»»:

Վկայակոչելով, որ աշնանային նստաշրջանում ընդունած բանաձեւով ԵԽԽՎ-ն տվել է քաղբանտարկյալի սահմանումը եւ կոչ է արել բոլոր երկրներին վերանայել այդ չափանիշներին համապատասխանող բանտարկյալների դատավճիռները, Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ բոլոր 4 ակտիվիստներն էլ համապատասխանում են այդ չափանիշներին, եւ այդ մասին Եվրախորհուրդը տեղեկացված է: Իսկ թե ինչպես են ընդդիմադիրները գնահատում եվրոպական կառույցների աշխատանքը Հայաստանում ժողովրդավարության կայացման ուղղությամբ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանից փորձեցինք ճշտել, ով ելույթ չունեցավ, պարզապես Ազատության հրապարակում ներկա էր ակցիային:

«Ես այն կարծիքին չեմ, որ Եվրոպան պիտի գա մեզ համար կառուցի ժողովրդավարություն ու օրինականություն: Մենք պետք է կառուցենք. ուրիշ բան, երբ որ մենք մեր բաժին անելիքը որոշակի մակարդակով կանենք, արդեն գուցե նաեւ պահանջատիրության իրավունք կունենանք եվրոպացիներից եւ մյուսներից: Այս պահին, համենայնդեպս այնպիսին չի, որ մենք կարողանանք շատ բարձր ձայնով պահանջատեր լինել», - ասաց Փաշինյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյան- Գագիկ Ծառուկյան հանդիպումը չի բացառվում

Երթից զատ, փորձեցինք ճշտել Կոնգրեսի դիրքորոշումը վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ: Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից Կոնգրեսը դեռ «որեւէ եզրակացություն չի անում», մեր հարցին ի պատասխան ասաց խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Շաբաթ օրը կայացած նման հանդիպման մասին հրապարակված տեղեկությունները ոչ նախագահի նստավայրից, ոչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից չեն հերքել:

Կոնգրեսը դեռ որոշում չի կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի վերաբերյալ:

«Քաղաքական կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ շարունակվում են, ոչինչ չեմ կարող հիմա սրան ավելացնել», - ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ծառուկյանը նաեւ Տեր-Պետրոսյանին հանդիպի, Զուրաբյանը պատասխանեց. - «Ինչո՞ւ պիտի բացառվի նման բաները, ոչ, չեմ բացառում»:

«Իսկ ծրագրված հանդիպում կա՞, թե տեսականորեն չեք բացառո՞ւմ» հարցին էլ Զուրաբյանը պատասխանեց. - «Ինտենսիվ բանակցությունները շարունակվում են տարբեր ֆորմատներով, հենց ինչ-որ բան լինի ասելու, մենք ձեզ կասենք»:

Զուրաբյանը չմանրամասնեց, թե որտեղ եւ ինչպես Կոնգրեսը կհրապարակի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG