Մատչելիության հղումներ

Քոչարյանի հայտարարությունը` ըստ ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական պատգամավորների


Հայաստանի Ազգային ժողովի նիստը, արխիվ
Հայաստանի Ազգային ժողովի նիստը, արխիվ

Աշոտ Աղաբաբյանը համաձայն չէ երկրորդ նախագահի հետ, Ռուստամ Գասպարյանը համաձայն է։

Հաշվի առնելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, համաձայն որի` մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին, մի խումբ լրագրողներ փորձեցին Ազգային ժողովի պատգամավորներից պարզել` արդյոք նրանք համաձա՞յն են երկրորդ նախագահի այդ տեսակետին, եւ այսօր Ազգային ժողովում ֆեոդալներ կա՞ն։

Խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավոր կա։

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, Շիրակի մարզից մեծամասնականով պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանը համաձայն չէ, որ մեծամասնական ընտրակարգը պետք է վերացնել։ Մեծամասնականը պետք է, որպեսզի պատգամավորը ժողովրդի հետ շփումներ ունենա, պնդում է նա։

«Դուք ձեզ ֆեոդալ զգո՞ւմ եք», - այս հարցին հանրապետական պատգամավորը պատասխանեց. - «Ես ինձ զգում եմ որպես Աղաբաբյան Աշոտ, ես ուրիշ ձեւի ինձ չեմ կարող զգալ կամ ինչ-որ մեկի տեղը դնել, կամ նմանվել։ Էդ` առաջինը։ Երկրորդը` եթե ես երրորդ անգամ ընտրվում եմ նույն ընտրատարածքում մեծամասնականով, դա պիտի ընդամենը մարդիկ գովան, որ մարդը էսքան տարի իր ժողովրդի կողքն է, իր ժողովրդի հետ աշխատում է, ապրում է, եւ ձայնը իրենք ուրիշի չեն տալիս, որովհետեւ գիտեն` ուրիշները ժամանակին եկել խաբել- գնացել են»։

«Հետո, ես ձեզ մի բան էլ ասեմ. ֆեոդալ հասկացոողությունը դա ժամանակի ֆորմացիան է եղել, երբ որ մարդիկ ունեցել են, մեծ սեփականատեր են եղել, հողեր, գյուղեր, եւ իրենց ժողովրդի հետ ապրել են, աշխատատեղ են տվել», - հավելեց Աղաբաբյանը։

«Հիմա էլ չի՞ նույնը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին նա արձագանքեց. - «Աստված տար` նույնը լիներ, մարդը կարողանար էդքան շատ աշխատատեղ տար»։

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հիշեցման, որ էլի պատգամավորները բավական մեծ ունեցվածք ունեն, մեծ բիզնեսների տեր են, կալվածքներ ունեն, ի՞նչ է փոխվել, հանրապետական պատգամավորը ասաց. - «Ես կարո՞ղ եմ ձեզ մի հարց տալ` հեչ ուսումնասիրե՞լ եք` Աղաբաբյանը կալվածքներ ունի՞, մեծ փողեր ունի՞։ Աղաբաբյանը ընդամենը, պետությունը չկարողանալով «Հրազդան» ստադիոնը պահել, փորձել է տալ Աղաբաբյան Աշոտին, որը տոնավաճառի միջոցով պահի, որը էսօր մեծ պարտքերի տակ է։ Ո՞վ է էստեղ ֆեոդալը։ Այ, հլը մի հատ մտածեք` մեծամասնականով ո՞վ կարող է ֆեոդալ լինի, «Բարգավաճ»-ի՞ց շատ ֆեոդալ կա, թե՞` Հանրապետականից»։

«Որտեղի՞ց շատ կա, ձեր կարծիքով», - այս հարցին նա հակադարձեց. - «Իմ կարծիքով` դուք ինձնից լավ պիտի իմանաք...»։

Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ) համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Ռուստամ Գասպարյանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ։

Գասպարյանը, ով նախկինում պատգամավոր էր ընտրվել մեծամասնականով, կարծում է, որ այդ ընտրակարգով պատգամավոր են դառնում այն մարդիկ, ովքեր անձնական խնդիրներ ունեն. - «Ունեն ինչ-որ բիզնես, կամ ինչ-որ ... Էդ մանդատը իրենց «կռիշ» պահելու համար...»։
«Կռիշի» հարց չի՞ լինում համամասնականի ընթացքում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. - «Նու, կլինեն, էլի կլինեն, բայց քիչ կլինեն արդեն»։

«Մեծամասնականով ընտրված հիմիկվա պատգամավորների մեջ, ըստ ձեզ, կա՞ն այն մարդիկ, ովքեր «կռիշայի» համար եկան այստեղ», - լրագրողներից մեկի այս հարցին էլ Գասպարյանը արձագանքեց. - «Լիքը, անունները չեմ տա»։

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հիշեցման, որ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես մեծամասնականով ընտրված պատգամավոր է` նա նո՞ւյնպես ինչ-որ անձնական խնդիրներ ունի, ԲՀԿ-ական պատգամավորը ասաց. - «Ոչ, Գագիկ Ծառուկյանը անհատ չէ, էսօր ինքը կուսակցության լիդեր է, ինքը լուրջ, հանրապետությունով, ինքներդ էլ գիտեք, երկրորդ ուժն է քաղաքական, ինքը անձնական խնդիր չունի, որ իր անձնականի համար մտնի, ինքը, բոլորս տեսնում ենք` հանրապետությունում ինչ գործեր է կատարում, թաքցնելու էլ չունեմ` էսօր ինքը իր անձնական հնարավորություններից ավելի շատ է ժողովրդի համար անում, քան, երեւի, պետությունն իր բյուջեից»։

«Ինքը նման չէ՞ ֆեոդալի, ըստ ձեզ», - լրագրողի այս հարցին էլ Ռուստամ Գասպարյանը արձագանքեց. - «Ոչ, ինքը ժողովրդական մարդ է, ինքը ժողովրդի հետ է»։

please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG