Մատչելիության հղումներ

«Մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին»


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ` Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին:

«Ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման», - ասել է Հայաստանի երկրորդ նախագահը` պատասխանելով 2rd.am կայքէջի հարցին. - «Երեւույթը չափազանց վնասակար է, եւ որքան շուտ դրանից հրաժարվենք` այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով արձագանքելով Քոչարյանի այս հայտարարությանը` իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր ասաց, թե «այն իր համար ամբողջությամբ ընդունելի չէ»:

Այն դիտարկմանը, թե Քոչարյանը փաստորեն մեղադրում է ներկայիս իշխանություններին Հայաստանի ֆեոդալականացմանն աջակցելու մեջ, Գալուստ Սահակյանն արձագանքեց․ - «Շատերն են մեղադրում, մեկն էլ թող Ռոբերտ Քոչարյանը լինի։ Մենք գտնում ենք, որ կառավարման մոդելների փոփոխությունը, առավելեւս համամասնական-մեծամասնական այդ խաղը, որ շահարկվում է, որեւէ կապ չունի երկրի քաղաքական, տնտեսական զարգացումների հետ»։

Քոչարյանը նաեւ արձագանքել է այն խոսակցություններին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հնարավորությունների քննարկումների նախաձեռնության ետեւում ինքն է կանգնած: Հայաստանի երկրորդ նախագահն ասել է, որ ինքն այդ նախաձեռնության հետ առնչություն չունի:

«Հատկապես այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձեւավորել կուսակցության քաղաքական օրակարգը», - ասել է Քոչարյանը:

Հիշեցնենք` մոտ մեկ շաբաթ առաջ խորհրդարանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ առաջարկելով «երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման համար անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, իսկ Ազգային ժողովն էլ ձեւավորել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով»:

ԲՀԿ այդ նաձեռնությունը հանդիպեց իշխող Հանրապետական կուսակցության ընդդիմությանը: Իսկ խորհրդարանի փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը նշեց, թե «կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, ովքեր որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է»:

Պարզաբանելով իր դիրքորոշումը խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու առնչությամբ` Քոչարյանը ասել էր, որ եթե ինքը այդ համակարգի համոզված կողմնակիցը լիներ, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց ինքն էր:

«Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձեւի մեջ է, այլ զսպման եւ հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների եւ քաղաքացիական հասարակության հասունության», - ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ սահմանադրական հանրաքվեն նշանակալիորեն ընդլայնեց կառավարության լիազորությունները, սակայն «իրականության մեջ կառավարության դերը զգալիորեն նվազեց»:

«ԲՀԿ-ի առաջարկությունը ավելի շուտ արձագանք է երկրում ձեւավորված` իշխանության տարբեր ինստիտուտների իրական իրավունքների եւ սահմանադրական պատասխանատվության հարաբերությունների ակնհայտ անհամաչափությանը: Վերջինիս երկարաժամկետ բացասական հետեւանքները զգալի են արդեն այսօր», - նաեւ ասել է երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը եզրափակել է, թե անձամբ իր համար «ավելի համակրելի է ամերիկյան մոդելը, որտեղ նախագահը գլխավորում է գործադիր իշխանությունը, ուղղակի պատասխանատվություն կրելով նաեւ տնտեսության համար, իսկ խորհրդարանն ունի վերահսկողության հզոր լծակներ»:

«Սակայն եվրոպական ավանդույթները պառլամենտարիզմի ավանդույթներ են, իսկ մենք եվրոպական քաղաքական գործընթացների շրջանակներում ենք: Բացի այդ, խորհրդարանական կառավարումը նշված անհամաչափությունների խնդիրը նկատելիորեն մեղմում է»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG