Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ողջունում է Սիրիայի ընդդիմադիր ուժերի համախմբումը


Եգիպտոս - Արաբական լիգայի եւ Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը Կահիրեում, 13-ը նոյեմբերի, 2012թ.
Եգիպտոս - Արաբական լիգայի եւ Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը Կահիրեում, 13-ը նոյեմբերի, 2012թ.

Այնուհանդերձ, Արեւմուտքում նաեւ կարծիքներ կան, որ վաղ է նոր ձեւավորված դաշինքը ճանաչել որպես ընդդիմադիր ամբողջ ճակատը վերահսկող մարմին:

Երեքշաբթի օրը Կահիրեում կայացած Եվրամիության եւ Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարների համատեղ հանդիպմանը Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունեց Սիրիայի ընդդիմադիր ուժերի համախմբումը` կոչ անելով նոր ձեւավորված մարմնին ցույց տալ, որ իրենք ներկայացնում են Սիրիայի ամբողջ ժողովրդին:

Նա դիմեց նաեւ Սիրիայի հարեւան երկրներին` ասելով, թե Սիրիայի հարեւանները պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը հակամարտության հարատեւ լուծմանը հասնելու համար:

«Սիրիայի ողբերգությունը ազդեցություն է թողնում ոչ միայն երկրի, այլեւ ամբողջ տարածաշրջանի վրա», - հայտարարեց Էշթոնը` նշելով. - «Պետք է շարունակենք եւ ուժեղացնենք մեր ջանքերը` սատարելու համար Սիրիայի ամբողջ ժողովրդին»:

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն ասել է, թե իր երկրի կառավարությունը աջակցում է ընդդիմադիրների միավորվելու նախաձեռնությանը, եւ պատրաստ են «Արաբական լիգայի հետ ձեռք ձեռքի տալ` օգնելու համար, որ ձեւավորված մարմինը հավաստի ու բովանդակային այլընտրանք դառնա Բաշար ալ-Ասադի ռեժիմին»:

Վեստերվելեն նաեւ հավաստիացրել է, որ Գերմանիայի կառավարությունը կշարունակի պատժամիջոցները Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ, իսկ հակամարտությունից տուժածներին ու փախստականներին կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հույս է հայտնել, որ նոր ձեւավորված մարմինը կյանքի կկոչի համաձայնագրի մանրամասները, ինչը թույլ կտա այն ճանաչել որպես Սիրիայի ամբողջ ժողովրդին ներկայացնող օրինական մարմին:

Եվրամիություն - Արաբական լիգա Սիրիայի հարցով համաժողովը Կահիրեում գումարվեց մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Արաբական լիգան «Հեղափոխական եւ ընդդիմադիր ազգային դաշինքը» ճանաչեց որպես Սիրիայի ժողովրդի ձգտումները ներկայացնող լեգիտիմ մարմին:

Սիրիայի ընդդիմությունը համախմբվեց Արեւմուտքի պահանջով, որը ցանկանում է ընդդիմության հետ բանակցություններում պատասխանատու մեկ մարմին տեսնել, այլ ոչ թե առանձին գործող խմբավորումներ:

Համախմբվելու որոշումը Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները ընդունեցին կիրակի օրը, Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված համաժողովում:

Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Սիրիայի ընդդիմության նոր դաշինքին` այն բնորոշելով որպես «հույսի լույս»:

Այնուհանդերձ, Արեւմուտքում նաեւ կարծիքներ կան, որ դեռ վաղ է նոր ձեւավորված դաշինքը ճանաչել որպես ընդդիմադիր ամբողջ ճակատը վերահսկող մարմին:

Իսկ Ռուսաստանը ասել է, թե նոր դաշինքը պետք է ուղիներ փնտրի Սիրիայի ճգնաժամը բանակցությունների միջոցով լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG