Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ ԱՄՆ-ը կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում


Հայաստանը եւ ԱՄՆ-ը կհամագործակցեն ռազմաարդյունաբերության ոլորտում
please wait

No media source currently available

0:00 0:01:21 0:00
Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջիկայում համագործակցություն կսկսեն ռազմարդյունաբերության ոլորտում:

Այդ մասին երկուշաբթի օրը հայտնի դարձավ Հայաստանի պաշտպանության նախարարությունում նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի ավելի քան մեկ ժամ տեւած բանակցություններին հաջորդած համատեղ ճեպազրույցի ընթացքում:

«Սա նոր ուղղություն է, որտեղ մենք կարող ենք փորձի փոխանակում իրականացնել, որովհետեւ համարում ենք, որ լինելով ետխորհրդային պետություն` մենք հիմնականում մեր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կազմում ունենք Խորհրդային Միության միավորները, այնուամենայնիվ, տարբեր առաջատար չափանիշների ներդրման ուղղությամբ մենք կարող ենք փորձի փոխանակում իրականացնել` հատկապես հատուկ նշանակության միջոցների օգտագործման ուղղությամբ», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունները դինամիկ զարգացման միտում ունեն:

Նախարարն ասաց, որ այդ հատուկ նշանակության միջոցները հրաձգային զենքեր եւ տարբեր օպտիկական միջոցներ են, որոնց շնորհիվ հնարավոր կլինի արդիականացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համակարգը:

Ռեյ Մաբուսը կիրակի օրն է երկօրյա այցով ժամանել Երեւան: Նրա այցը տարածաշրջանային չէ: ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը իրականացնում է ամերիկյան ռազմածովային ուժերի եւ ծովային հետեւակի ղեկավարումը: Միացյալ Նահանգների ծովային հետեւակի զորամիավորումները այսօր ծառայություն են իրականացնում երկրագնդի տարբեր «թեժ կետերում»: Հայտնի է նաեւ, որ վերջիններս իրենց դերակատարությունն ունեն ՆԱՏՕ-ական ստորաբաժանումների հետ հայկական զորամիավորումների անցկացրած համատեղ վարժանքների ժամանակ:

Իր խոսքում ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը ընդգծեց, որ Միացյալ Նահանգները անչափ կարեւորում է Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները եւ այդ մասին են վկայում [պաշտպանության ոլորտի] բարձրաստիճան ներկայացուցիչների փոխայցելությունները:

«ԱՄՆ ռազմածովային ուժերը եւ ծովային հետեւակի կորպուսը աշխատել են [Հայաստանի պաշտպանության] նախարարության հետ` ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ, ինչպես նաեւ վերջին երկու տարիներին վարժանքների իրականացման ուղղությամբ: Պատրաստվում ենք այս ուղղություններով աշխատանքները շարունակել առաջիկայում», - ասաց Մաբուսը:

Մաբուսը հավելեց, թե իրենք ակնկալում են, որ նոր համատեղ վարժանքներ կլինեն ամերիկյան ծովային հետեւակի եւ հայկական բանակի զորամիավորումների մասնակցությամբ. - «Ակնկալում ենք նաեւ, որ լրացուցիչ համագործակցություն կլինի պլանավորման ուղղությամբ»,- ասաց նա:

Իր հերթին, անդրադառնալով ընդհանրապես հայ-ամերիկյան ռազմական հարաբերություններին` նախարար Սեյրան Օհանյանը նշեց, թե դրանք այսօր դինամիկ են զարգանում:

«2011 եւ 2012 թվականները մեր հարաբերությունների մեջ առանձնահատուկ են եղել` բարձրաստիճան փոխայցելությունները, խորհրդատվությունները եւ մանավանդ ԱՄՆ կատարած իմ այցը... եւ այս այցը խոսում է այն մասին, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության բնագավառում հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ դինամիկ զարգացման միտում ունենք», - ասաց նախարարը:

Հայաստանի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ սա արդեն երկրորդ պայմանավորվածությունն է վերջին երկու շաբաթվա ընթացքում: Հոկտեմբերի 17-ին Երեւանում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց Իտալիայի պաշտպանության նախարարի հետ:

Անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները մոտ երկու տարի առաջ սկսեցին խոսել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին: 2011-ի դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց «Ռազմարդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգը»: Եվ եթե նախկինում այս ուղղությամբ նշվում էր միայն Ռուսաստանի ու ՀԱՊԿ անդամ այլ պետությունների հետ համագործակցության մասին, ապա ներկայում խոսքը գնում է նաեւ Հյուսիատլանտյան դաշինքի անդամ երկրների հետ ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG