Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Իտալիան կհամագործակցեն պաշտպանության ոլորտում


Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Հայաստանն իր ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում համագործակցություն է սկսում ՆԱՏՕ-ական երկրների հետ` նպատակ ունենալով ընդօրինակել արեւմտյան պետությունների առաջատար փորձն ու տեխնոլոգիաները:

Այդ մասին հայտնի դարձավ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած Հայաստանի ու Իտալիայի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո, որոնց արդյունքում ստորագրվեց համաձայնագիր «Պաշտպանության ոլորտում համագործակցության մասին»:

Իտալիայի պաշտպանության նախարար, ծովակալ Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությունը երեկ է եռօրյա այցով ժամանել Հայաստան եւ երեկ երեկոյան նրան ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Սա Իտալիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Հայաստան:

Պաշտպանության նախարարությունում բանակցություններից եւ համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերում են անվտանգության ոլորտում համագործակցությանը, խաղաղապահ առաքելություններին, Իտալիայում հայ սպաների ռազմական կրթությանը։

«Հաջորդ ուղղությունը դա ռազմական արդյունաբերության ոլորտն է, որը լայն շրջանակ կստեղծի, որպեսզի մենք մեր հնարավորությունները փոխադարձ կերպով օգտագործենք, իսկ Հայաստանի Հանրապետության համար՝ որպեսզի օգտագործենք Իտալիայի առաջատար փորձը», - հավելեց Սեյրան Օհանյանը

Իր հերթին` Իտալիայի պաշտպանության նախարարը նշեց, թե համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները բավականին երկար են տեւել եւ այն ի մի է բերում վերջին տարիներին ռազմական փոխգործակցությունը երկու երկրների միջեւ:

«Եվ ասեմ, որ վերջին տարիներին Հայաստանի ակտիվ մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին ու պաշտպանական ոլորտում իրականացվող այլ ծրագրերին, բերեց այն բանին, որ ավելի ընդգծվեց համագործակցության անհրաժեշտությունը», - հավելեց Ջիամպաոլո Դի Պաոլան։

Հիշեցնենք` 2011-ի դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց «Ռազմարդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգը»: Եվ եթե նախկինում ասվում էր Ռուսաստանի ու ՀԱՊԿ անդամ այլ պետությունների հետ համագործակցության մասին, ապա այժմ արդեն խոսքը գնում է նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների հետ ռազմա-տեխնիկական ոլորտում փոխգործակցության մասին:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ընդգծեց, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում պաշտոնական Երեւանի քաղաքականությունը «բազմավեկտոր է լինելու» եւ ներառելու է այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ համագործակցությունը:

Ինչ վերաբերում է Իտալիայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա ըստ Հովհաննիսյանի, այսօր Իտալիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, Ռուսաստանին եւ բազմաթիվ այլ պետությունների զենք-զինտեխնիկա վաճառող հիմնական երկրներից մեկը, ունի ռազմաարդյունաբերական զարգացած համալիր, ուստի Հայաստանն էլ ձգտում է համագործակցել այդ պետության հետ:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, թե նման կարգի ռազմա-տեխնիկական համագործակցության մեկնարկը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հարաբերությունները դաշինքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG