Մատչելիության հղումներ

Հարի Ռիդը Հայ դատի համաժողովին է ուղարկել իր ելույթը


ԱՄՆ - Սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
ԱՄՆ - Սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

«Շատ գեղեցիկ ելույթ էր` հայանպաստ, հայկական, հայ ժողովրդի, Հայաստանի եւ հայկական հարցերին ի նպաստ», - փոխանցում է Հարութ Սասունյանը։

ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության ղեկավար, Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Հարի Ռիդը թեեւ չի մասնակցում ժամեր առաջ Կալիֆորնիա նահանգի Բեւերլի Հիլզ քաղաքում մեկնարկած` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարեկան համաժողովին, սակայն ուղարկել է իր ելույթը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ամերիկահայ լրագրող, հրապարակախոս, California Courier թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։

Համաժողովին նախատեսված էր Ռիդի մասնակցությունը, սակայն ուրբաթ օրը նա ավտովթարի էր ենթարկվել, ստացել թեթեւ մարմնական վնասվածքներ։ Հայամետ սենատորը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

«Հիմա ընթացքի մեջ է Հայ դատի միջոցառումը։ Հարի Ռիդը չկարողացավ ներկա լինել, սակայն իր ելույթը ուղարկեց, խնդրեց, որ ես ներկայացնեմ եւ բացատրեմ իր բացակայությունը, եւ ելույթը ընթերցվեց Հայ դատի միջոցառման ընթացքում», - այսօր Երեւանի ժամանակով վաղ առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտնեց Հարութ Սասունյանը` շարունակելով. - «Շատ գեղեցիկ ելույթ էր` հայանպաստ, հայկական, հայ ժողովրդի, Հայաստանի եւ հայկական հարցերին ի նպաստ, ինքը մեկ անգամ եւս թիկունք է կանգնում իր բոլոր միջոցներով»։

Ապա ամերիկահայ լրագրողը մանրամասնեց. - «Իր ելույթում նշված է հայկական հարցերի վերաբերյալ, որ ինքը լրիվ թիկունք է կանգնում Հայկական ցեղասպանության ճանաչմանը։ Եվ թեեւ ընդհանրապես Ամերիկայում լռելյայն մի օրենք կա, որ Սենատի ղեկավարը երբեք կողմ չի բռնում զանազան հարցերի շուրջ, սակայն նա երկար տարիների ընթացքում, բոլոր այդ տարիներին, որ Հայկական ցեղասպանության հարցը ներկայացվել է, միշտ իր անունը դրել է, ստորագրել է որպես թիկունք կազմող այդ հարցին, որպեսզի ամեն մարդ իմանա, որ Սենատի ղեկավարը այս հարցի կողքին է։ Դա մի գլխավոր հարց է»։

Երկրորդ գլխավոր հարցը, որ Ռիդը նշել է իր ելույթում, «ասաց, թե անընդունելի է, որ հունգարացիները Սաֆարովին ուղարկեցին Ադրբեջան, եւ ազերիները այդ մարդուն, այդ ոճրագործին, կացնավոր ոճրագործին` ասաց ինքը, ազատ արձակեցին, եւ ինքը հայտնեց իր երախտագիտությունը նախագահ Օբամային, որ անմիջապես դատապարտեց Ադրբեջանը եւ Հունգարիան», փոխանցեց Սասունյանը։

«Սրանք էին ելույթի գլխավոր կետերը», - նշեց California Courier-ի խմբագիրը։

Հարութ Սասունյանի խոսքերով` Հայ դատի հանձնախմբի տարեկան համաժողովի արդյունքում բանաձեւ կամ հայտարարություն նախատեսված չէ։ «Սա միջոցառում է, ուր Հայ դատի հանձնախումբը` Արեւմտյան Ամերիկայի, իր տարեկան զեկույցն է ներկայացնում եւ հայտարարում է իր ապագայի աշխատանքների ծրագիրը», - պարզաբանեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG