Մատչելիության հղումներ

Փլուզման պատճառները դեռ ուսումնասիրվում են


Խանջյան 20 հասցեում փլուզված շինությունը
Խանջյան 20 հասցեում փլուզված շինությունը
Երեւանի կենտրոնում` Խանջյան 20 հասցեում «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ընկերությունների իրականացրած շինարարության ժամանակ տեղի ունեցած փլուզման պատճառները դեռ ուսումնասիրվում են եւ հավանաբար պարզ կլինեն մեկ շաբաթ անց: Դրանով զբաղվում է քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը:

Կիսակառույց շինությունում հինգշաբթի օրը տեղի ունեցած փլուզման հետեւանքով շինարարությունում աշխատող բանվորներից ինը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

«Շինարարության պրոցեսի ժամանակ կաղապարամածերը տեղադրել են հենարանների վրա եւ փորձել են բետոն լցնել, եւ այդ ընթացքում ինչ-ինչ պատճառներով այդ ամբողջ համակարգը, որը պետք է պահեր բետոնը եւ ամրացումից հետո հանվեր, քանդվել է բետոնի, ամրանների հետ: Սա պրոցեսի ընթացքում ինչ-որ բացթողումների հետեւանքով տեղի ունեցած վթար էր», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ Մուշեղ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը ասաց, որ քաղաքաշինության տեսչության Երեւանի տարածքային բաժինը այս տարվա հուլիսին փորձել է ստուգում իրականացնել փլուզված օբյեկտում:

«Բայց կառուցապատողի` «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից խոչընդոտվել է ստուգումների իրականացման ընթացքը, մասնավորապես, չեն ներկայացվել ստուգմանն առնչվող համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, որի արդյունքում տեսչությունը նշանակել է պատժամիջոց` 100 հազար դրամի չափով: Դա կառուցապատողը վճարել է` ընդունելով իր մեղքը», - ասաց պաշտոնյան:

Հովհաննիսյանի խոսքով` դրանից հետո իրենք դիմել են կառուցապատողներին շինարարական աշխատանքների իրականացման թույլտվություն տրամադրող լիազոր մարմնին` Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանը, եւ համատեղ ջանքերով կասեցրել շինարարությունը, որը որոշ ժամանակ անց վերսկսվել է: Համաձայն գործող օրենքի` մեկ օբյեկտում տեսչությունը իրավունք ունի ստուգում իրականացնել 5 տարին մեկ անգամ: Կառավարությունը գտնում է, որ դա բխում է տնտեսվարողի շահերից:

«Ցավոք սրտի, այդ մոտեցումը տեսչությանը չի բավարարում, այդպիսի սահմանափակումը միգուցե հնարավոր է ուրիշ ստուգող մարմինների համար», - ասում է Հովհաննիսյանը:

Նկատենք, որ հազվադեպ է պատահում, երբ որեւէ օբյեկտի շինարարություն տեւում է 5 տարի:

Խանջյան 20 հասցեում շինարարություն իրականացնելու թույլտվության ժամկետները ավարտված էին եղել դեռեւս այս տարեսկզբին, եւ կառուցապատողները որոշել էին շարունակել շինարարությունը առանց ժամկետների երկարացման թույլտվությունը հաստատող փաստաթղթի: Փաստի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը վարչական պատասխանատվության է ենթարկել կառուցապատող ընկերություններին: Տուգանքը կազմում է տվյալ օբյեկտի նախահաշվային արժեքի 1 տոկոսը, այս պարագայում մոտ 2 միլիոն դրամ: Այդ մասին տեղեկացանք քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից:

Խանջյան փողոցի միջադեպին հինգշաբթի երեկոյան հաջորդեց մի ողբերգական պատահար եւս. Երեւանի Սասնա-Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում նորակառույց շենքի ինքնաշեն բեռնատար վերելակը, որը գրանցված չէ արտակարգ իրավիճակների նախարարության ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն, բեռներ իջեցնելու պահին 19-րդ հարկից պոկվել եւ ընկել էր վերելակի հորանը: Երկու մարդ զոհվել էր, եւս երկուսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Երեւան քաղաքի ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վերելակի ընկնելու պատճառները պարզ կդառնան 4-օրյա ժամկետում: Շենքը, որում ընկել է վերելակը, կառուցում է «Ռենշին» ընկերությունը:

«Վարույթ է հարուցվել արտակարգ իրավիճակների նախարարության տեսչության կողմից: Միանշանակ տուգանվելու են, ոչ միայն այդ վերելակի, այն նաեւ շենքում տեղադրված մյուս վերելակների համար», - ասաց Հովսեփյանը:

Ըստ Հովսեփյանի` նորակառույցում կան նմանօրինակ այլ վերելակներ եւս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG